ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված

ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Որքանով ինձ հայտնի է, իսկապես հայկական ու ռուսական կողմերի միջև երկխոսություն է տարվում՝ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ՝ այնտեղ օտարերկրյա զինծառայողների ներկայության բացառման երաշխավորման համար»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի խոսքերով, երկխոսություն է տարվում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նախկին ԽՍՀԿ մյուս երկրներում կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ, որոնք գտնվում են Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտ։

«Չեմ թաքցնի, այս հարցը մեզ անհանգստացնում է ու հենց այդ պատճառով էլ մենք երկխոսություն ենք վարում։ Իմ տեղեկություններով, երկխոսությունը հայկական կողմի հետ տարվում է բավական կառուցողական, կա փոխըմբռնում այս հարցերում։ Չեմ բացառում, որ որևէ փուլում հանգենք ինչ-որ ընդհանուր եզրակացության, ընդհանուր պայմանավորվածության։ Թե ինչպիսի տեսքով այդ համաձայնությունը կֆիքսվի, ես պատրաստ չեմ այժմ ասել։ Ոչ մի արգելքի, թելադրանքի մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը նշել է, որ քննարկումները շարունակվում են այդ հարցերով, ինչպես նաև կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, օտարերկրյա զինված ուժերի ներկայության-չներկայության վերաբերյալ։

«Պետք է ասեմ, որ մենք նաև ՀԱՊԿ շրջանակներում ունենք ընդհանուր համաձայնություն, որ կազմակերպության անդամ երկրների տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումը ենթադրում է ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ ինչ-որ պայմանավորվածություն»,-ասաց դեսպան Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայարարել էր, որ Մոսկվան ու Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում