Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել»

Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել»

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքական «T24» լրատվական կայքում հոդվածներ հեղինակող Ահմեդ Սևերն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված սպառնալից արտահայտություններին և վիրավորանքներին։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Սևերն ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ չի եղել այնպիսի նախագահ, որն իրեն քննադատողներին ու ընդդիմադիր գործիչներին շարունակաբար սպառնա ու վիրավորի այնքան, որքան դա անում է գործող նախագահ Էրդողանը։

Հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի ելույթներից մեջբերված մի քանի օրինակ։

Մասնավորապես վերջերս Դենիզլի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը վիրավորանք և սպառնալիք պարունակող արտահայտություններ է հնչեցրել FOX TV հեռուստաալիքի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալի հասցեին՝ անվանելով նրան անդաստիարակ, իր չափը չիմացող, անամոթ և անբարոյական։

Բացի այդ, ըստ Սևերի, Էրդողանը սպառնում է դատական գործընթացներով։ Նույն ելույթում նա ասել է. «Արդարադատությունը սրան (Ֆաթիհ Փորթաքալին-խմբ.) հարկ եղած պատասխանը կտա»։

Իսկ Քոնիա քաղաքում Էրդողանի հնչեցրած սպառնալիքը հասել է գագաթնակետին։ «Չափդ ճանաչիր, թե չէ այս ազգը ծոծրակդ կպայթեցնի»,-խոսքերով ահաբեկել է վերը նշված հաղորդավարին։

Ահմեդ Սևերը նշում է նաև, որ իրականում հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալն անձնապես չի վիրավորել Էրդողանին, այլ ընդամենը ասել է, որ երկրում առկա վախի ու սարսափի պայմաններում ժողովուրդը վախենում է բողոքել անգամ թանկացումներից և այլ արատավոր երևույթներից։

Ըստ թուրք վերլուծաբանի՝ պետական և էդողանամետ լրատվամիջոցները Թուրքիայում կատարվող ամեն ինչ ներկայացնում են միայն դրական շեշտադրումներով։ Իսկ այդ պայմաններում նույնիսկ Էրդողանի կողմնակիցներն իրական լրատվություն ստանալու համար հետևում են այլընտրանքային լրատվամիջոցներին, ինչպիսին է օրինակ FOX TV-ն, որի սեփականատերն ԱՄՆ քաղաքացի է։ Ահա այս հանգամանքն էլ հենց հունից հանում է Էրդողանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում