Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը

Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը

«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը Ապրիլյան պատերազմի զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Դատելով ամենից՝ նշված սոցիալական ցանցում շատ շատերն են համաձայն նրա հետ։ Նմանատիպ գրառումների Facebook-ում շատ է կարելի հանդիպել։ Ավելին՝ ցանցը լցված է Արշակ Կարապետյանի նախկին բացթողումների մասին նյութերով։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ռազմական հետախուզությունը չտեսավ մեր դեմ նախապատրաստվող պատերազմը։ Ուզում են հասկանալ, թե ինչու՞ էին զինված ուժերը զրկված թշնամուն դիտարկելու տեխնիկական ամենահասարակ միջոցներից։ Եվ վերջապես ուզում են իմանալ, թե ինչու՞ Ապրիլյան քառօրյայից հետո Արշակ Կարապետյանն ընդամենը հեռացվեց պաշտոնից։ Չդատվեց, չպատժվեց… Ընդամենը պաշտոնազրկվեց։

Իսկ հիմա արդեն նաև ուզում են հասկանալ, թե ինչու՞ է նույն Արշակ Կարապետյանն այսօր նշանակվում վարչապետի խորհրդական։ Ո՞ր արժանիքների համար։ Ռազմական կամ պետական կարևորություն ունեցող ի՞նչ խնդրի լուծման համար։

Զուգահեռ մեկ այլ հարց էլ է ասպարեզ իջել. Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Լևոն Մնացականյանը հեռացվում է բանակից, իսկ Արշակ Կարապետյանը՝ վարչապետի խորհրդական նշանակվում։ Սա ի՞նչ է։ Տրամաբանությունը ո՞րն է։

Մարդիկ փորձում են հասկանալ։ Նույն այն մարդիկ, ովքեր օրուգիշեր առաջնագծում վերացնում են վարչապետի նորանշանակ խորհրդականի սխալների ու բացթողումների հետևանքները։ Ոմանք պնդում են, որ Արշակ Կարապետյանը քաղաքական Օլիմպ է վերադարձվել զուտ մեկ պատճառով՝ որովհետև նա միակ գեներալն է, ով ցուցմունք է գրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս հրամայել է բանակը Երևան մտցնել։ Թերևս հենց այդպես էլ եղել է։ Պաշտոնը նրա պարգևն է։

Բայց համաձայնեք, որ սա ստորության վերջին աստիճանն է։ Ու՞մ է խրախուսում երկրի ղեկավարը և ինչի համար։ Ապրիլյան կորուստների մեղավորին, մատնության համա՞ր։ Աներևակայելի է։ Սա չէ այն ուղերձը, որ պետությունը պետք է տա իր քաղաքացիներին։ Այսպես երկիր չեն կառուցում։ Այսպես երկիր են քանդում։ Ավելի ուժեղ հարված զոհերի հիշատակին և սպայի պատվին պարզապես հնարավոր չէր պատկերացնել։ Իսկ ամենացավալին այն է, որ այդ հարվածները շարունակական են։ Կարելի է պատկերացնել խրամատում կանգնած այն սպայի հոգեվիճակը, ով հենց այս պահին մտածում է Լևոն Մնացականյանին տուն ուղարկելու և Արշակ Կարապետյանին պաշտոն տալու փաստերի մասին։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում