Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն

Սահմանապահ Մովսեսում աշակերտները ռոբոտաշինությամբ կզբաղվեն

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի աշակերտները այսուհետ կկարողանան ռոբոտներ պատրաստել, իրականացնել եռաչափ մոդելավորում։

Սահմանապահ Մովսես գյուղում երկու տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից ստեղծված «Արմաթ» լաբորատորիայում հայկական «Աղվես» և «Կրիա» ծրագրերով միջնակարգ դպրոցի աշակերտները ծրագրավորում են սովորել, բայց ռոբոտներ պատրաստել չի ստացվել, քանի որ համապատասխան սարքեր չեն ունեցել, այժմ լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները կօգտագործեն ռոբոտների կառավարման համար։

«Մովսեսը սահմանապահ գյուղ է, և այս ծրագիրը նաև կարևոր է նրա համար, որ դպրոցի սաները, կրթություն ստանալով, հնարավորություն կունենան տեղում գումար վաստակելու, և դա նաև կնպաստի, որպեսզի արտագաղթը կանխվի։ Ծրագիրը, ԱՏՁՄ-ի աջակցությամբ, մեզ երեխաներն են ներկայացրել իրենց ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ. երբ տեսնում ես երեխաների այդպիսի ոգևորություն, ուղղակի չես կարող չաջակցել»,-իր խոսքում նշեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Երեխաները եռաչափ մոդելավորումը կիրականացնեն Գորիսում արտադրված «Բզեզ» եռաչափ տպիչով, աշխատելու են հիմնականում Հայաստանում արտադրված սարքավորումներով. սրանով մենք երեխաներին ուզում ենք ցույց տալ, որ հաջողության օրինակներ Հայաստանում շատ կան, որ ձեր նման երեխաները ստացել են գիտելիքներ և կարողանում են արտադրել այսպիսի սարքավորումներ, այսինքն՝ դուք էլ կարող եք»,-իր խոսքում նշեց ԱՏՁՄ ինժեներական լաբորատորիաների ծրագրի համակարգող Սեդրակ Վարդանյանը։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015 թվականին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում