Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում. ուղիղ

Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել, նրանք դժգոհ են կառավարության նախաձեռնությանից, ըստ որի մշակույթի նախարարությունը վերանում է և միանում այլ նախարարությունների։

Աշխատակիցները հայտարարեցինք, որ այսօրվանից գործադուլ են անում, պայքարելու են մինչև վերջ։

«Գալու ենք այստեղ ու չենք մտնելու»,- ասաց նախարարության աշխատակիցը։

Նրանք դիմում են պատրաստել ուղղված վարչապետին՝ ներկայացնելով հիմնավորումներ, թե ինչու է պետք մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց։ Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ասաց, որ աշխատակիցների հետ որևէ մեկը չի քննարկել նախարարության օպտիմալացման հարցը։

Մեկ այլ աշխատակից ասաց, որ երեկ էլեկտրոնային համակարգով կառավարությունից եկել է որոշման նախագիծ, ըստ որի մինչև հունվարի 1-ը մշակույթի նախարարությունը մի մասով միանում է կրթության նախարարությանը, մի մասով՝ քաղաքաշինության կոմիտեին։

«Մենք վրդովված ենք, ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել։ Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել»,- նշեց աշխատակիցներից մեկը։

Ասացին, որ երեկ հանդիպել են նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ, որն ասել է, որ միանալու դեպքում որևէ մեկն աշխատատեղը չի կորցնելու։

«Թող մնա փոքր նախարարություն, կրճատվեն տեղեր, բայց գոնե…»,- նշում են աշխատակիցները։

«Մեր պայքարը նրանում է, որ մշակույթի նախարարությունը պետք է զերծ լինի քաղաքական բոլոր վայրիվերումներից, պետք է հզորացնել, տալ վերահսկողական լծակներ»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Նրանք ընդգծում են, որ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց ունենալը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում