Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման առաջին փուլն ավարտվել է

Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման առաջին փուլն ավարտվել է

ԳԱՎԱՌ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման առաջին փուլը, որը մեկնարկել է 2017 թվականից, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նվիրատվությամբ եւ «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի հանգանակությամբ, ավարտվեց տանիքի հիմնանորոգման, նոր դռների ու լուսամուտների տեղադրման աշխատանքներով:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքների առաջին փուլի ավարտը նշանավորվեց տոնական միջոցառմամբ, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, նույն թեմի ատենապետ Սարո Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ծնողներ, ճամբարակ քաղաքի բնակիչներ:Մանկապարտեզի սաներն աղուհացով ու գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին հյուրերին ու միջոցառման մյուս մասնակիցներին:

Ելույթներով հանդես եկան եւ օրվա առիթով մանկապարտեզի տնօրինությանը, աշխատակիցներին ու սաներին շնորհավորեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, նույն թեմի ատենապետ Սարո Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի ներկայացմամբ՝ Ճամբարակ քաղաքի թիվ 5 մանկապարտեզը շուրջտարյա գործող հաստատություն է, որը սակայն իր շահագործման պահից ի վեր, ավելի քան 4 տասնամյակների ընթացքում հիմնանորոգման չի ենթարկվել: «Մանկապարտեզի տանիքն ամբողջությամբ գտնվում էր վթարային վիճակում, եւ տեղումների ժամանակ սաների ու դաստիարակների առօրյան անցնում էր կաթոցների ներքո: Անմխիթար վիճակում էին գտնվում նաեւ դրսի ու ներսի դռները, պատուհանները: Ստեղծված իրավիճակը շտկելու կամ մեղմելու նպատակով նախաձեռնություն հանդես բերեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որին սիրահոժար արձագանքեցին Հայ Առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի տնօրինությունը: Տանիքի հիմնանորոգման համար հատկացվեց շուրջ 10 միլիոն, նոր դռների եւ լուսամուտների տեղադրման համար՝ շուրջ 20 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացրեց «Մշո տղա» ընկերությունը: Ճամբարակ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ եւ իրանահայ բարերարի միջոցներով ձեռք է բերվել նոր վարագույրներ եւ խաղալիքներ: Ինչպես վստահեցրին Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մանկապարտեզի հիմնանորոգման կիսատ մնացած աշխատանքները կհասցվեն ամբողջական ավարտի: Մանկապարտեզն ունի ինչպես ներքին հարդարման, այնպես էլ բակի բարեկարգման, նոր ցանկապատի ու խաղահրապարակի կառուցման խնդիր: Շատ ավելի կարեւոր է ցանկապատի խնդիրը, քանի որ մանկապարտեզը գտնվում է մայրուղու հարեւանությամբ եւ անասունների ներթափանցման վտանգի ներքո: Հուսով ենք , որ մոտ ապագայում մենք բարերարների օժանդակությամբ կամ պետական միջոցներով կամբողջացնենք մանկապարտեզի հիմնանորոգումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:

2018 թվականի դեկտեմբերի դրությամբ Ճամբարակի թիվ 5 մանկապարտեզն ունի 90 սան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում