Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան

Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման վերաբերյալ որոշումը պաշտպանները բողոքարկել են Վճռաբեկ դատարան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունը, վճռաբեկ բողոքը բաղկացած է 107 էջից:

«Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:

Նաև բարձրացվել են որոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար:

Նշենք նաև, որ պաշտպանական թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան…

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում