Պետությունը պիտի քարոզի լավ մարդ լինելը

Պետությունը պիտի քարոզի լավ մարդ լինելը

ԵՐԵՎԱՆ, 07 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Ռուս գիտնական Լև Գումիլյովը իր՝ Էթնոգենեզի տեսության շրջանակներում շրջանառության մեջ դրեց պասիոնար մարդու ձևակերպումը: Իր ձևակերպմամբ պասիոնար մարդիկ նրանք են, ովքեր, արտաքին աշխարհից էներգիա կլանելով, այն օգտագործում են շրջակա միջավայրը ձևափոխելու համար: Շատ կոպիտ ասած՝ պասիոնար մարդը արարող մարդն է: Ակադեմիական շրջանակներում շատերը Գումիլյովին համարում են պսևդո-գիտնական։ Պիտի ասեմ, որ իմ համար էլ իր աշխատանքները ավելի շուտ հետաքրքիր բելետրիստիկա են, քան գիտական աշխատանքներ, բայց ամեն դեպքում հետաքրքիր ձևակերպումներ կան: Նա, օրինակ, պասիոնարության քարտեզ ուներ, որտեղ մեր տարածաշրջանը պասիոնար մարդկանց գերկենտրոնացում ուներ, ինչի հետ դժվար է վիճել: Կարող ա մեր լեռնաշխարհում բնակվող մարդիկ բարեփոխումների առումով աշխարհի առաջատարը չեն, բայց էն որ անընդհատ ինչոր բան փորձում են փոխել, էն որ միշտ դժգոհություն կա, չբավարարվածություն կա՝ դա կարծում եմ փաստ է: Մեր հաջողության գրավականն էլ, ըստ ամենայնի, կայանում է այդ փոփոխություն պահանջող պասիոնար մարդկանց հավաքական էներգիան դեպի լավը, դեպի բարին ուղղորդելու մեջ, որ ոչ թե պարզապես փոփոխություն լինի, այլ ԲԱՐԵփոխում լինի:

Դե իսկ լավին ու բարուն հասնելու համար պետք է սկզբից այդ գաղափարները հստակ ձևակերպել: Ու ստեղ էլ կարելի է դիմել բազմաթիվ փիլիսոփայական, հասարակագիտական ու նույնիսկ դավանաբանական աշխատանքների, բայց իմ պատկերացմամբ կան երկու գլոբալ ճակատներ: Ոմանք դա անվանում են լիբերալների ու պահպանողականների ճամբարներ, այլոք բաժանում են կապիտալիստների ու սոցիալիստների, ոմանք ավելի լայն իմաստով ձախերի ու աջերի։ Հիմա կա էլ ավելի գլոբալ բաժանում՝ արևմուտքի ու արևելքի: Ըստ էության բոլոր այս խմբերը նույն երկու իրարամերժ բաների մասին են: Մի խումբը կյանքի իմաստը տեսնում է մարդու ցանկությունները բավարարելու մեջ, մյուս խումբը գերակայություն է տալիս հոգևոր աճին:

Ես այս երկու ճամբարների միջև ընտրությունը համարում եմ կեղծ, քանի որ տարբերակներից մեկը իրականում գոյություն չունի: Եթե քեզ առաջարկում են ընտրել մարմնի բավարարման կամ հոգևոր աճի միջև, դու չես կարող ընտրել բավարարվելը, որովհետև դա անհնար է: Մարդը չի կարող ֆիզիկապես բավարարված լինել. դա բժշկական փաստ է: Բավարարվածության զգացումը մեր մեջ առաջանում է, երբ որ տարբեր ստիմուլյատորների արդյունքում օրգանիզմում տեղի են ունենում որոշակի նեյրոմեդիատորների սինթեզ, հիմնականում դոֆամինի ու սերատոնինի: Էս հորմոնները արտադրվում են, երբ մենք մեր սիրած ուտեստն ենք համտեսում, կամ սիրած աղջկան տեսնում, շոշափում, բույրը զգում: Նույն հորմոնները արտադրվում են ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործման դեպքում: Խնդիրը նրանում է, որ օրգանիզմին, բավարարված լինելու համար, անհրաժեշտ է անընդհատ ավելացնել ստիմուլյատորների քանակը, քանի որ բավարարված լինելու համար մարդուն անընդհատ պետք է ավելացող դոֆամինի ու սերոտոնինի քանակ: Այսինքն, ըստ էության բավարարված լինել հնարավոր չէ, իսկ դրան ձգտելը մարդկանց հասցնում է մոլուցքների ու ինքնակործանման: Սա է իմ կարծիքով արևմտյան քաղաքակրթության թույլ կետը, որը արտացոլվում է՝ իրենց փիլիսոփայության հենասյուն դարձած կոնսյումերիզմի մեջ: Մարդը անընդհատ պիտի չարչարվի, որպեսզի ստեղծի բարիքներ, որոնք իրեն պիտի բավարարվածության զգացում պատճառեն, ու տենց ամբողջ կյանք չարչարվում, դեպրեսվում ու վերջում գժվում են, ինչի վկայությունն է արևմուտքում հոգեկան հիվանդությունների, ինքնասպանությունների ու ալյասերվածության վիճակագրությունները: Ընդ որում, սոցիալական ստատուսը էական դեր չի խաղում, սա համատարած մշակութային, քաղաքակրթական բնույթ է կրում:

Արևելյան քաղաքակրթությունները, ըստ իս, միշտ ավելի մեծ շեշտ են դրել հոգևոր սննդի վրա, լավ մարդ լինելու կամ դառնալու վրա, մնայուն արժեքների վրա: Ընդ որում, աստվածապաշտությունը կամ հոգու գոյության ընդունումը էական չէ: Սովետական և չինական աթեիստները Աստծուն չէին հավատում, բայց համարում էին, որ մարդը պիտի ձգտի մարդ դառնալուն, ճիշտ կոմունիստ դառնալուն, որը ըստ էության գրեթե քրիստոնեական, մահմեդական կամ բուդիստական դոգման է, կարմայի ու դրախտի ինտերպրետացիա: Հոգևորականները պնդում էին, որ պետք է ձգտել Աստծուն, ոչ հոգևորականները պնդում էին, որ պետք է ձգտել մարդ դառնալ: Երկու դեպքում էլ պատվիրաներնն ու մահացու մեղքերը նույնն էին:

Ու էդ որ ասում են, որ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրող ա, կամ պիտի լինի, ես չեմ հասկանում ինչի մասին են խոսում: Մենք ցավոք սրտի շատ քիչ ընդհանրություններ ունենք ասենք ճապոնացիքի հետ, բայց այդ ընդհանրությունները մեկ ա ավելի շատ են, քան շվեդների հետ: Հայաստանում բնակվող մարդիկ ակնհայտորեն արևելյան փիլիսոփայության են հակված և սա ունի հստակ մարդաբանական, բիոքիմիական հիմք: Ուրիշ հարց, որ վերջին տասնամյակներում օտարածին արժեհամակարգ է զոռով դավով ներմուծվում Հայաստան ու դառնում հասարակության հիվանդության պատճառ: Հայերը, չըմբռնելով արևմտյան պարտավորությունների ու իրավունքների կոնցեպտը, շատ արագ ըմբոշխնեցին կոնսյումերիզմի բոլոր արատավոր երևույթները: Արդյունքում կորցրին սեփական մշակույթը, ձեռք չբերեցին արևմտյանը ու մնացին կենդանական բնազդների բավարարման հույսին: Այդ արժեքային դատարկությունն է Հայաստանի ներկայիս վիճակի պատճառը, որտև երբ մարդուն ուրիշի լյարդ են իմպլանտ անում ու օրգանիզմը էդ լյարդը չի ընդունում՝ համ մարդն ա մեռնում, համ էլ դե լյարդը… եթե իհարկե վիրաբույժը ժամանակին չխառնվի ու չհեռացնի օտար մարմինը:

Հայաստանում լավ ապրելը մարդկանց մոտ միանգամից ասոցացվում է հարստության ու փառքի հետ, ոչ թե լավ մարդ լինելու հետ: Բարիք ասելիս միանգամից նյութական բաների մասին են մտածում մարդիկ: Զգացե՞լ եք, որ արժանապատիվ քաղաքացին հիմա չի գիտակցվում որպես պատվի արժանացած քաղաքացի, այլ որպես պատիվ պահանջող քաղաքացի ու կապ չունի նա արժանի է իր պահանջածին, թե՝ ոչ: Լեզու ունի՞, բերան ունի՞, կարա՞ բղավի ու պահանջի, ուրեմն պահանջելու է ու եթե պահանջում է, ուրեմն արժանապատիվ է ու եթե պատիվ չի ստանում, դժգոհում է, ինչպես օրենք պայմանական «Սաշիկից»: Պարտաճանաչ մարդիկ գրեթե իսպառ վերացել են, չկան մարդիկ, ովքեր գիտակցում են որ ինչոր պարտավորություններ ունեն: Այ իրավունքները ճանաչում են, հաճախ մտացածին իրավունքներ, իսկ պարտավորությունները չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ: Արդյունքում մոլոկաններն ու վերջերս էլ հնդիկները, գալիս, պարտաճանաչ գործ են անում ու արժանանում որոշակի պատվի, դառնում արժանապատիվ, իսկ տեղացի ապուշները մնում են զուտ հպարտ ու քաքի մեջ: Ի՞նչ եղավ խոսքին տեր լինելու հետ, ասածների ու արածների համար պատասխան տալու հետ: Խաբեբայությունն ու անպատասխանատվությունը դարձել են չուծ-լի-նի հպարտության առարկա ու քարոզվում է պետական բարձրագույն մակարդակով: Ասում ա՝ լավ եմ անում խաբում եմ, բա լավ էր, որ դուք… ու տեղում ինչոր սուտ ա հորինում, որ արդարացնի իր նախորդ սուտը:

Պետությունը պիտի քարոզի լավ մարդ լինելը որպես լավ կյանքի, լավ ապրելու հիմնական ցուցանիշ: Դա հենց պետությունը պիտի անի, քանի որ մասնավոր սեկտորը դա երբեք չի անի: Մասնավորը չի անի, քանի որ դրա մեջ եկամուտ չկա, ինչպես չկա եկամուտ ճանապարհ սարքելու կամ արտաքին լուսավորություն դնելու մեջ, մինչդեռ պետության համար դա էքզիստենցիալ խնդիր է: Եթե չլինեն լավ մարդիկ, չի լինի լավ կյանք անկախ նրանից ասֆալտը լավն է, թե ոչ, թեպետ լավ ասֆալտ էլ իհարկե չի լինի: 21-րդ դարում իմաստ չունի ունենալ պաշտպանության նախարարություն, եթե դու չունես ինֆորմացիայի նախարարություն: Կրթությունը, մշակույթը, երիտասարդությունն ու սպորտի հարցերը իրականում հենց ինֆորմացիայի տիրույթում են, սրանց բոլորի առաջնահերթությունը պիտի լինի դաստիարակել լավ մարդ, ասել մարդուն ինչն է լավ, որն է լավ կյանքը, որին պետք է ձգտել: Լավ մարդը պարտաճանաչ, արժանապատիվ, կարգապահ մարդն է, իսկ լավ կյանքը՝ նման մարդկանցով շրջապատված լինելն է: Պրակտիկան ցույց է տալիս, որ սահմանին կանգնած մեր զինվորները իրենց գործն անում են, բայց միշտ մեջքից են հարված ստանում, քանի որ չկա գիտակցություն, որ թիկունքի գերակայությունը այլևս ինֆորմացիոն պատերազմն է:

Անցած տարի հարյուր հազարավոր մարդիկ ոգեշնչվեցին պայքարի ոգով, որը դատապարտված է մասսայական հիասթափություն առաջացնել, քանի որ այդ մարդիկ կամ չունեն «լավի» կոնցեպտ կամ ունեն կեղծ, շինծու ընկալում: Ընկալում, որը ձևակերպվել ու քարոզվել է երկրորդ համաշխարային պատերազմից հետո շուկա գրավելու գերնպատակ ունեցող մի խումբ ամերիկացի մարկետոլոգների կողմից: Այսինքն, այսօր Հայաստանի և ոչ միայն Հայաստանի մարդկանց «լավի» ընկալումը իրականում մեկ գերտերության աշխարհաքաղաքական գերակայության քողարկված առաջադրանքն է: Առաջադրանք, որը փայլուն կերպով ի կատար է ածվել Զիգմունդ Ֆրոյդի, Հոլիվուդի, Պետդեպի, Քարդաշյանի և այլ օժանդակ միջոցների շնորհիվ: Մոտներդ հարց չի առաջանու՞մ, ոնց եղավ, որ էտալոն է հանդիսանում, ոչ թե Նիցշեի «գերմադ»-ը, այլ դոշերը բաց պոռնիկը ու էդ պոռնիկի վրա փող ցփնող շունը:

Էսօր մարդը ուզում է, որ իր վարկ-տուգանքը ներվի, կամ աշխատավարձը բարձրանա, որ նա նոր հեռախոս գնի, կամ երեխային նոր շոր գնի, կամ թեկուզ շաբաթը երկու անգամ միս ուտի: Մարդը ուզում է բավարարի մի պահանջ, որը հնարավոր չէ բավարարել: Այս մարդը դատապարտված է միշտ լինել դժբախտ, դժգոհ և, ըստ այդմ, միշտ ուղղել սեփական պասիոնարությունը ի վնաս, ոչ թե ի օգուտ շրջակա միջավայրի: Նույնիսկ եթե Փաշինյանը կարենար իր խոստումները կատարել, մարդիկ միևնույն է դժգոհ էին լինելու, որովհետև նա խոստանում էր բավարարել մարդկանց այն պահանջը, որը բավարարել հնարավոր չէ: Իրենց քարոզած «լավ կյանքը» ո՛չ լավն է, ո՛չ էլ կյանք է: Ի սկզբանե բոլորը իրար խաբում էին: Ու էդ ինքնախաբեության հետ առերեսվելը նույնքան դժվար է, որքան դժվար է ալկոհոլիկին ընդունել, որ նա ալկոհոլիկ է: Դրա համար էլ մարդիկ օբյեկտիվ իրակունթյան հետ առերեսվելու փոխարեն մանրից ընկնում են ինքնամոռաց ինքնարդրացման մեջ: Նորաթուխ պատգամավորների ու ավագանիների հիմար արտահայտությունները գնալով շատանալու են ու էլ ավելի աբսուրդային են դառնալու, նրանք վարվելու են այնպես, ինչպես կվարվի ղեկին ցեխ վիճակում բռնված ալկաշը՝ պնդելու է, որ չի խմել: Պնդելու է, բղավելու է, հարձակվելու է բոլորի վրա… Մարության Հայկը ժպիտը դեմքին ասում է, որ քաղաքը մաքուր է և որ նա անձամբ է ստուգել: Փաշինյանը նայելու է մարդկանց աչքերին ու ասելու է, որ տնտեսությունը աճում է, ընդ որում հենց թռիչքաձև…

Հ.Գ. Տարիներ առաջ, աշխատելով բանկային ոլորտում, ուսումնասիրում էի վարկային պորտֆելների ամենա ադյունավետ ակտիվները: Շատ արագ պարզեցի, որ Հայաստանում ամենա հուսալի վարկերը մոթելներին տրված վարկերն են, իսկ երկրորդ ամենա հուսալիները հարսանյաց սրահներն էին: Հայ ազգը վիճակագրորեն հասել է մարդկային ստորության վերջին աստիճանին, Հայաստանում ամենա պոպուլյար զբաղմունքներ են շնանալն ու որկրամոլությունը: Մնացած մահացու մեղքերով էլ մեր «առաջադիմությունը» վստահ եմ ձեզ մոտ հարց չպիտի առաջացնի, զուտ հիշեցնեմ դրանք՝ հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն: Ինձ թվում ա՝ սաղս նախկին կյանքում անասելի մեղքեր ենք գործել ու հիմա գտնվում ենք դժոխքում, որի անունն է Հայաստանի Հանրապետություն: Ու դժոխքից չենք պրծնի մինչև չապաշխարենք ու չինքնախարազանվենք:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում