Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է Կարագանդայում միջադեպի օբյեկտիվ քննություն

Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է Կարագանդայում միջադեպի օբյեկտիվ քննություն

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունում մեկնաբանել են Կարագանդայում սպանության գործով հետախուզվող Նարեկ Գուրուրյանի ֆեյսբուքյան ուղերձը։ Այս մասին գրում է tengrinews.kz կայքը՝ հղում անելով ՆԳՆ ներքին և արտաքին հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևին:

Իրավապահների տվյալներով, այսօրվա դրությամբ Կարագանդայում խուլիգանական գործողությունների և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել և կալանավորվել է 8 մարդ, կասկածյալներից մեկի՝ քաղաքացի Գուրուրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշվում է, որ հետախուզման գործի շրջանակում ոստիկանական խմբերը մեկնել են Գուրուրյանի հավանական գտնվելու վայրեր, նրա ազգականներին են փոխանցվել ոստիկանության աշխատակիցների հեռախոսահամարները, սակայն մինչ օրս ոչ ոք կապ չի հաստատել։

«Ղազախստանի ՆԳՆ-ում երաշխավորում են գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննությունը և խորհուրդ են տալիս քաղաքացի Գուրուրյանին ծանրացուցիչ հանգամանքների առաջացումից խուսափելու համար կամավոր հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Քննության ընթացքը Ղազախստանի ՆԳՆ հատուկ հսկողության տակ է»,– ասել է Ալմաս Սադուբաևը։

Կարագանդայում մահվան ելքով հայտնի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել, որ ինքը ոչ ոքի չի սպանել։ Նա նշել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահներին, միայն թե ապահովեն իր անվտանգությունը: Երիտասարդը նաև նշել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն ուրիշի մեղքն իր վրա չի վերցնի։

«Ես մարդասպան չեմ»,- ասել է Գուրուրյանը

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել։

Կասկածյալների թվում հայեր կան` Տ. Մ. Մալխասյան, Ս. Ս Մալխասյան: Նրանք կալանավորված են, մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Ն. Գուրուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում