ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, ոստիկանության հարցը կարելի է քննարկել. Արարատ Միրզոյան

ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, ոստիկանության հարցը կարելի է քննարկել. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մնա վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը կարելի է քննարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 10-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասը դեռ կարելի է քննարկել, որովհետև այդտեղ էլ տարբեր բաղադրիչներ կան: Երբ այդ մասին խոսում ենք, խոսում ենք ոչ միայն ենթակայության տակ գտնվելու, այլև ԱԺ-ում հաշվետու լինելու ու թափանցիկության մասին: Խնդիրը մի քանի բաղադրիչ ունի»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս հարցը քննարկվում է կառավարության օպտիմալացման նախագծի հետ միասին, որը դեռ վերջնական տեսք չունի:

«Նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, դեռ քննարկման փուլում է, կան բազմաթիվ առաջարկներ: Ես ինքս արել եմ մի քանի առաջարկ: Երբ վերջնական պատկերն իր տեսքը կունենա, այդ ժամանակ էլ կլինի վերջնական դիրքորոշում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում