Մարտունի քաղաքում կգործի երթուղային տրանսպորտ

Մարտունի քաղաքում կգործի երթուղային տրանսպորտ

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թ.հունվարի 14-ից, Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ, Մարտունի քաղաքում գործելու է ներհամայնքային տրանսպորտային երթուղի, որը հատկապես ծառայելու է դպրոց եւ մանկապարտեզ հաճախող երեխաների եւ մանկավարժների կարիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ընտրված է 5 երթուղի, իսկ սպասարկման ժամանակացույցը համաձայնեցվել է դպրոցի եւ մանկապարտեզի աշխատաժամերի հետ: «Քաղաքի տարածքը բավականին ընդգրկուն է, իսկ կրթական ու նախակրթական հաստատությունները որոշ թաղամասերից գտնվում են մեծ հեռավորության վրա:

Աշակերտների ու մանկավարժների, այլ ոլորտների աշխատակիցների, քաղաքացիների շարժը դյուրացնելու համար էլ որոշել ենք բացել ներհամայնքային երթուղիներ:

1-ին եւ 2-րդ երթուղիները կգործեն առավոտյան ժամը 8-ին:1-ին երթուղին գործելու է Մարտունի- Գեղհովիտ սահմանագծից եւ անցնելու է Սայաթ-Նովա- Պ. Սեւակ – Երեւանյան – Մ. Հերացի փողոցներով եւ վերջին կանգառը կատարելու է թիվ 2 հիմնական դպրոցի մոտ: 2-րդ երթուղին գործելու է Զորավար Անդրանիկ թաղամասից եւ անցնելու է Մյասնիկյան- Երեւանյան – Նարեկացի- Վարդան – Գ. Նժդեհի փողոցներով եւ վերջին կանգառը կատարելու է թիվ 2 հիմնական դպրոցի հարևանությամբ: Երթուղային ավտոբուսները 2-րդ հիմնական դպրոց կհասնեն ժամը 08:25-ին: Մյուս 3 երթուղիները կգործեն ժամը 08:30-ից: 1-ին երթուղին աշխատանքը սկսելու է Մարտունի- Գեղհովիտ սահմանագծից եւ անցնելու է Շահումյան- Մոմճյան – Աբովյան – Պռոշյան – Երեւանյան փողոցներով եւ վերջին կանգառը կատարելու է ավագ դպրոցում:Երթուղին անցնելու է նաեւ թիվ 2 եւ թիվ 3 մանկապարտեզների կողքով:2-րդ երթուղին կգործի Զորավար Անդրանիկ թաղամասից եւ կանցնի Մյասնիկյան – Սայաթ-Նովա- Պ.Սեւակ – Գ.Նժդեհ փողոցներովով եւ հասնելու է Մյասնիկյան փողոց՝ 1-ին հիմնական դպրոց, այնուհետ Երեւանյան փողոցով հասնելու է ավագ դպրոց: Այս երթուղին անցնելու է թիվ 1 եւ թիվ 4 մանկապարտեզների կողքով: 3-րդ երթուղին աշխատանքը սկսելու է Աբովյան- Մյասնիկյան խաչմերուկից եւ անցնելու է Աբովյան -Պռոշյան- Երեւանյան – Մյասնիկյան փողոցներով եւ հասնելու է թիվ1 հիմնական դպրոց: Երթուղին անցնելու է թիվ 2, թիվ 3 եւ թիվ 4 մանկապարտեզների կողքով: 08:30-ից աշխատող երթուղիները 1-ին հիմնական եւ ավագ դպրոցների մոտ կլինեն ժամը 08:55-ին: Ուղեվարձը կազմելու է 100 դրամ: Երթուղիները կսպասարկեն Մարտունու ավտոտրանսպորտային ձեռնարկության ավտոբուսները»,-նշեց Արմեն Ավետիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում