Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)

Հնարավոր չէ, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք. Միքայել Աղաջանովը՝ Մհեր Ենոքյանի մասին (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Վերջին օրերին ակտիվորեն լուրեր են տարածվում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը հաստատելու, բարձրագույն ղեկավարության կողմից ներմամբ նրան ազատ արձակելու մասին։ Մհեր Ենոքյանը, ըստ դատավճռի, ցմահ դատապարտվել է 1996 թվականին իր համակուրսեցուն՝ Իոսիֆ Աղաջանովին դաժանաբար սպանելու համար: Տուժողի իրավահաջորդները՝ Աղաջանովների ընտանիքը, դեմ է Ենոքյանին ազատ արձակելուն։ Հայրը՝ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանովը, մտադիր է այդ հարցով նույնիսկ հանդիպում խնդրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից։

Aysor.am-ը զրուցել է Միքայել Աղաջանովի հետ։

– Պարոն Աղաջանով, դուք բավական երկար ժամանակ Ձեր որդու սպանության քրեական գործի մասին հարցազրույց չէիք տալիս, չէիք խոսում լրատվամիջոցների հետ, բայց վերջին ժամանակներում Ձեր ֆեյսբուքյան էջում հայտարարում եք, թե Մհեր Ենոքյանը ազատ է արձակվում։ Կասե՞ք որքանով են արդարացված Ձեր մտահոգությունները, ունե՞ք ստույգ ինֆորմացիա, որ նա ազատ է արձակվում։

– Մեր ընտանիքի ակտիվությունը վերջին ժամանակներում պայմանավորված է նրանով, որ մենք ունենք, ըստ երևույթին, տեղեկություն այն մասին, որ սկսվել է համաներման գործընթաց նաև ցմահ բանտարկյալների նկատմամբ։ Նրանցից ընտրել են Մհեր Ենոքյանին որպես նաև մի անձ, որը վստահություն է ներշնչում և որի հետ մեր նոր ղեկավարությունը կապում է մեր երկրի հետագա զարգացումը։ Ես և իմ ընտանիքի անդամները չենք ընդունում ոչ մի փորձ Մհեր Ենոքյանին ներելու համար։ Ես հստակ չգիտեմ՝ որ փուլում է գտնվում այդ հարցը։ Մեր տվյալներով, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովի դրական եզրակացությամբ այդ որոշումը փոխադրվել է վարչապետի մոտ։ Ինչ է այնտեղ կատարվում, չգիտեմ։ Դրանով է պայմանավորված մեր ակտիվությունը։ Մենք ոչ մի կերպ չենք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդ հրեշը արդարացվի։ Մենք մտահոգված ենք, որ հնարավոր է վարչապետին թյուրիմացության մեջ դնեն։ Բոլոր դեպքերում վարչապետի շուրջ գտնվող մարդիկ կարող են իրեն ոչ օբյեկտիվ, ոչ ստույգ ինֆորմացիա տրամադրել։

– Ո՞ւմ նկատի ունեք։

– Խոսքը Զարուհի Մեջլումյանի մասին է, որը լրագրող է, ու հիմա նա ամուսնացել է այդ Մհեր Ենոքյանի հետ և իհարկե, ուզում է արդարացնել, որ իր անձնական հարցերը նույնպես լուծվեն։ Մենք դա չենք ընդունել ու երբևիցե չենք ընդունի։ Ինձ ժամանակ առ ժամանակ հարցնում են՝ կարո՞ղ է մենք ներենք։ Ո՛չ, մենք մեր վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ երբևիցե չենք փոխի, որովհետև Մհեր Ենոքյանը մեզանից խլեց ամենաթանկը, ինչ ունեինք՝ մեր որդուն։ Սա նախապես պլանավորված, գումար վաստակելու նպատակով մի գործողություն էր, որն ուղղված էր դասընկերոջ դեմ, մի մարդու դեմ, որի հետ դու ամեն օր վեց ժամ անց ես կացնում։ Այդ ամբողջ գործողությունը հիմնված էր վստահության վրա։ Տղաս վստահեց այդ Մհեր կոչեցյալին, հրավիրեց իրենց տուն։ Բայց ինչո՞ւ որոշեց, որ բժշկական ինստիտուտի պրոֆեսորը, դասախոսը կարող է իր ուզած գումարը որդու դիակի դիմաց տա։ Դրանից հետո խոսել ներման մասին, որ ես, երեխաներս, թոռներս այդ հրեշի հետ միասին նույն քաղաքում ապրենք, հնարավոր չէ։

– Ենոքյանը, ինչպես նաև նրա կողմնակիցները պնդում են, որ ինքը մեղավոր չէ, նույնիսկ արդարացման հասնելու հույս ունեին։ Ի՞նչ կասեք, ինչի՞ հիման վրա է նման պնդումը։

– 1996-ին դատ է տեղի ունեցել, ես, իմ ընկերները, հարազատները ներկա ենք եղել այդ դատին։ Այնտեղ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ դու ինձ համոզել ես, որ այդ ձևով պետք է գումար վաստակենք, կիսենք։ Ասել է նաև, որ մի երկու ամիս փնտրել են մի մարդ, որը կարող է հարստացնել ու կանգ են առնում որդուս վրա։ Նրանք երկուսով էին։ Տղաս ամբողջությամբ դանակահարված էր, մի քսան-քանի տեղից։ Իսկ մեղադրյալների վրա ոչ մի վնասվածք չկար։ Նրանք նստացրել են մահճակալի վրա ու հետևից «ռազվադնոյ կլյուչով» հարվածել են որդուս։

– Դուք Ձեզ համար պարզե՞լ եք, միայն ֆինանսական պահա՞նջ է եղել։ Ինչու եմ հարցնում, քանի որ խոսվում էր սպանության նաև կրոնական, ազգային հողի վրա վարկածի մասին։

– Բոլորովին։ Մենք բոլոր կողմերից հայ ենք, մեր արմատները հայ են։ Ուրիշ բան է, որ ես Երևանում չեմ ծնվել, իմ հայրը, մայրը հայ են ապրել են Թիֆլիսում։ Հիմա ամեն ինչ էլ կասեն։ Բայց ես չեմ ուզում քննարկել, որովհետև այդ ամենն աբսուրդ է։ Կա փաստ՝ ինձ զրկել են իմ որդուց։ Ես պրոֆեսոր եմ, աղջիկս նույնպես, մյուս աղջիկս ԱՄՆ-ում է, դարձյալ նույն ձև։ Երևի տղաս էլ պետք է դառնար պրոֆեսոր, բայց նա զրկեց մեր ընտանիքը, Հայաստանը պայծառ, պիտանի մարդուց։ Ես չեմ պատկերացնում Մհեր Ենոքյանի հետ մի քաղաքում ապրելը, չեմ պատկերացնում։ Աղջկաս հասակակիցներն ասում են՝ եթե նա դուրս գա, մենք կվախենանք մեր երխաներին դուրս թողնել փողոց, որովհետև չգիտենք՝ ինչ կարող է բերել մեր գլխին։ Նա այնպիսի անձնավորություն, որից ամեն ինչ սպասելի է։

– Դուք չեք կարծո՞ւմ, որ 20-ից ավելի տարիների ընթացքում գուցե նա փոխված լինի։

– Գիտեք, ես շատ քիչ եմ հավատում, որ բանտում նստած մարդը փոխվում է։ Ինձ թվում է՝ նա բանտում ավելի կատարելագործված կլինի։ Նա խելոք մարդ է, նա ունի կամքի մեծ ուժ, որովհետև եթե չունենար, կկործանվեր։ Բայց տեսնում եք, գնաց այնտեղ ավարտեց մեկ այլ բուհ, ամուսնացավ, գրքեր է գրում։ Այսինքն՝ նա ուժեղ մարդ է, նա, հակառակը, կարող է այնտեղ ինչ-որ նոր ձևեր մշակի … Եթե նորմալ մարդ լիներ, կշարունակեր սովորել բժշկական համալսարանում, կավարտեր, կաշխատեր հոր ստամատալոգիական կլինիկայում։

– Նորմալ համարո՞ւմ եք այն, որ Մհեր Ենոքյանը չի ընդունում իր մեղքը, բայց իրեն ներում են։

– Նորմալ չէ դա։ Ես ասում եմ՝ ինչու եք այդքան մարդկանց մեջ ընտրել սրան։ Մարդիկ, ովքեր մոտ են կանգնած այդ բանտարկյալներին, ասում են՝ սա ամենավտանգավոր, ամենաչսիրված անձնավորությունն է բոլորի մեջ։ Խելոք մարդը, եթե նրա խելքը ուղղված է հանցագործ ուղղությամբ, նա կրկնակի վտանգավոր է դառնում։ Սա այսքան տարի մարդկանց տարավ-բերեց, չգիտեմ ինչ համոզեց ու հիմա խաբելով ստանում է ազատություն ու ցույց կտա, որ ճիշտը ինքն էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում