Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը կշարունակվի

Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը կշարունակվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացվող համատեղ հատուկ միջոցառումների արդյունքներն ու խնդիրներն այսօր քննարկվել է ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը կարևորել են համագործակցությունն առավել սերտացնելու անհրաժեշտությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ որոշվել է շարունակել Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը, լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բացառելու լողամիջոցների ու որսագործիքների մուտքը լիճ, ուժեղացնել ծառայությունը Սևանա լճի հարակից տարածքում տեղակայված պահակետերում ու հայտնաբերել հանրապետության բնակավայրերում սիգի վաճառքի դեպքերը:

Միջոցառումներից և Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարի գիտական վերագնահատումից հետո, ձկան բավարար քանակների հաստատման դեպքում, կքննարկվի արդյունագործական ձկնորսության թույլտվության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում