Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքը չմասնակցեր, մենք առաջինը կլինեինք. Ծառուկյանը՝ Մարուքյանին

Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքը չմասնակցեր, մենք առաջինը կլինեինք. Ծառուկյանը՝ Մարուքյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Ժողովուրդն իր անելիքն արել է հեղափոխության համար և հույս է պահում, որ իր ծրագրերը կյանքի կկոչվեն»,- այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Մինչև հիմնական ասելիքս՝ ուզում եմ երկու բան ասել պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին։ Դուք բոլորդ տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ Լուսավոր Հայաստանի հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, և պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իր ձեռքը ջերմ սեղմել եմ։ Իրենք ասում են՝ «Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ՝ մենք երկրորդը կլինեինք»։ Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքը չմասնակցեր, մենք առաջինը կլինեինք, ձեր ցավը տանեմ։ Մենք ոչ մի բան չենք ասել, ոչ մի բան էլ չենք ասելու, բայց եթե մեկը փորձեց վիրավորել, դրա պատասխանը փաստաթղթով, տեսանյութով նեկայացնելու եմ։ Մենք այսօր գործ ունենք անելու, բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրը ծանր վիճակում է, միայն հարկավոր է միասնական քննարկել, լսել։ Մենք այստեղ թշնամիներ չենք։ Հարկավոր է ներկայացնել խնդիրը, ամեն մեկն իր կարծիքն ասի»,– շեշտեց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանին պետք է տնտեսության զարգացում, ներդրումներ, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, որպեսզի արտագաղթը դադարի։

«Այսօր պետք են ներդրումներ, տնտեսական հեղափոխություն, իսկ դա միայն խոսքով չի լինում։ Մենք պետք է կարողանանք ավելի ուշադիր լինել մեր գործարարների հանդեպ, որ նրանք չսնանկանան, աղքատության եզրին չկանգնեն, գործազրկություն չլինի և բյուջեի բեռը շատ չլինի։ Այսօր ցանկացած պետությունում փոքր ու միջին բիզնեսը համարվում է երկրի ողնաշարը։ Պետք է այդ մարդկանց հնարավորություն տանք, որ աշխատեն ու զարգանան։ Մեր բանկային համակարգում պետք է փոփոխություններ լինեն»,- ասաց ԲՀԿ ղեկավարը՝ շեշետելով, որ վարկերի տոկոսները պետք է իջեցվեն։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության հարցերին՝ Գագիկ Ծառուկյանը նկատեց, որ Հայաստանը պետք է էլ ավելի զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ «Մենք Ռուսաստանում ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք սա պետք է հաշվի առնենք, ընդլայնենք, զարգացնենք ապրանքաշրջանառությունն ու ներդրումները։ Դա միայն օգուտ կլինի մեր երկրին։ Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան համաձայնագրին, ապա մենք պետք է կարողանանք կամուրջ հանդիսանալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Պետք է համագործակցենք նաև Չինաստանի հետ, պետք է ստեղծենք հայ-չինական համատեղ ձեռնարկություն։ Իրանի հետ հարաբերությունները ևս պետք է ջերմորեն պահենք-պահպանենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Խոսելով Արցախյան հարցի մասին՝ ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ հայ ժողովուրդը լուծել է այդ հարցը, մնում է միջազգային ճանաչումը։

«Բայց այդ ճանաչումը կախված է նրանից, թե մեր երկիրն ինչքան հզոր կլինի։ Հզոր պետությունների հետ են հաշվի նստում։ Դրա համար անհրաժեշտ է, որ սփյուռքահայության հետ համագործակցենք, կապերն ավելի ամրապնդենք։ Մեր բանակը Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այսօր ռազմաարդյունաբերությունը պետք է զարգանա, 18 տարեկան զինվորն առաջին գծում չպետք է կանգնի, առաջին գծում պետք է կանգնեն պայմանագրային, փորձառու զինծառայողները։ ԱԺ փոխնախագահի մեր թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանը, ներկայացնելու է մեր բոլոր այս մոտեցումները և հետևողական է լինելու»,- իր խոսքն ամփոփեց Գագիկ Ծառուկյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում