Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույնը մնալով՝ նոր մոտեցումներ է ձեռք որդեգրել

Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույնը մնալով՝ նոր մոտեցումներ է ձեռք որդեգրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է մնալ բոլոր այն կառույցներում, որոնց անդամ եղել է մինչ իշխանափոխությունը, սակայն բովանդակային առումով կտրուկ փոփոխություն է եղել դրանցում՝ երկրի ներկայացվածության հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցե՞լ է արտաքին հարաբերություների փոփոխություն, կարելի է պատասխանել և՜ այո, և՜ ոչ: Հայաստանը շարունակում է մնալ այն բոլոր կառույցներում, որտեղ եղել է անդամ»,-ասաց Իգիթյանը:

Նրա կարծիքով` ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները նախկինում եղել են հիմնականում իմիտացիոն: «Հայաստանն ասել է, թե իբր անելու է ժողովրդավարական բարեփոխումներ… Այսօր մենք իմիտացիայի կարիք չունենք: Կարծում եմ, որ ԵՄ-ի հետ կապված խնդիրներ չենք ունենա, շատ առաջ ենք անցել»,-նշեց Իգիթյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը շարունակում է մնալ այն կառույցներում, որտեղ մտել էր նախկինում, որտեղ նախկին իշխանությունների խոսքերով` չմտնելն անհնար էր: Սակայն Հայաստանն առաջին անգամ դրանցում փորձել է բարձրացնել իր ձայնն ու շահը: «Դա անսովոր է հնչում այնտեղ նստած… ղեկավարների համար: Եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, որը ենթադրում է ազատ շարժ ոչ միայն աշխատուժի, այլ նաև ապրանքների համար, ապա մենք ուզում ենք տեսնել այդ ազատ շարժը: Եթե դրա համար քաղաքական խոչընդոտներ կան, մենք այդ հարցը բարձրացնում ենք»,- նշեց նա ու հավելեց` մի կողմից քաղաքականությունը չի փոխվել, բայց մյուս կողմից կան նոր մոտեցումներ, որը կարելի է համարել որպես կտրուկ փոփոխություն:

Իգիթյանը շեշտեց, որ ինքը ներկայացված է լինելու ԱԺ արտաքին հարաբերություների մշտական հանձնաժողովում և փորձելու է գործընկերների հետ կոլեկտիվ աշխատել: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է ունենա իր արտաքին քաղաքականության դոկտրինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում