Ուսանողների ուսման վարձը ամսական վճարելու հնարավորություն է ստեղծվում

Ուսանողների ուսման վարձը ամսական վճարելու հնարավորություն է ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին օրակարգ է բերելու նախորդ գումարման Ազգային ժողովում բավարար ձայներ չստացած` ԲՈՒՀ-երի ուսանողների ուսման վարձը տարաժամկետելու վերաբերյալ նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 16-ին Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկմանն այս մասին հայտնեց Ուրիխանյանը:

«Ուզում եմ հիշեցնել բոլոր այն ուսանողներին և նրանց ծնողներին, որ մեր կողմից անցյալ գումարման խորհդարան ներկայացված ուսման վարձերի տարաժամկետման նախագիծը նորից մտնելու է շրջանառության մեջ: Դրանով հնարավորություն է տրվելու, որ վարձը վճարեն ամսական: Այն նախորդ խորհրդարանում դրական եզրակացությամբ կառավարության և հանձնաժոովից եկել էր լիագումար նիստի քննարկման, և միայն քվեարկության վերջին պահին նախկին իշխանության ներկայացուցիչ պատգամավորների դուրս գալու պատճառով չընդունվեց: Հիմա մենք Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ապագա նախագահի հետ ունենք պայմանավորվածություն, որ այն կրկին մտնելու է շրջանառություն»,-ասաց Ուրխանյանը:

Նա նշեց, որ դրա համար հարյուրավոր նամակներ ու հարցումներ են ստացել:

Պատգամավորը նաև նշեց, որ, հնարավոր է, իրենք հանդես գան մի նախաձեռնությամբ, որով հնարավորություն կտրվի, որ առաջադիմություն դրսևորող և վճարունակություն չունեցող ուսանողները կարողնան վարձը մարել ուսումը վերջացնելուց հետո աշխատանքային պայմանագիր կնքելիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում