Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան

Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Yerkir.am: Հայկական երկու հանրապետությունների և ՀՅ Դաշնակցության քայլերգերով Արցախի Ազգային ժողովի դահլիճում մեկնարկեց ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովին հղած ուղերձը: Այնուհետև իր օրհնանքի խոսքը փոխանցեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Մեծարգո’ Ազգային ժողովի նախագահ

Սիրելի’ պետական այրեր, պատգամավորներ

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ներկայացուցիչներ

Թույլ տվեք ողջունել բոլորիդ, շնորհավորել Ամանորի և սուրբծննդյան տոների առիթով և այս օրհնության լույսի ներքո Ձեզ մաղթել բարեհաջող ընթացք:

Սրտանց ողջունում եմ Ձեզ Արցախ աշխարհում և ողջունում եմ Ձեր որոշումը` Ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելու: Ավետարանը մի լավ խոսք է ասում այս առումով. «Ով ականջ ունի, թող լսի»: Սրա մեջ մեծ խորհուրդ կա…

Որոշ զուգահեռներ անցկացնեմ. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն է: Մեր Ազգային ժողովի անդամների թիվն էլ է 33, Քրիստոս 33 տարի ապրեց, երեկ չէ, առաջի օրն էլ Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան օրն էր, ով 33 տարեկանում նահատակվեց: Ահա Ձեզ 33 թվի հետ կապված զուգահեռներ: Սա էլ երևի պատահական չէ, և սա լավ նշան է:

Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի մեր ազգային գործը միշտ առաջ է տարել, նահատակնել է տվել, կորուստներ է տվել, բայց ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել: Շատ շնորհակալ եմ, որ Սփյուռքի ծանր պայմաններում կարողացել եք հայապահպանման գործը բարձր մակարդակի վրա պահել: Հայոց դպրոցը, հայոց հավատքը, հայոց ազգային նիստուկացը, Հայ Դատի հարցերը միշտ ջանացել եք առաջ ու առաջ տանել: Ունեք ձեր յուրահատուկ մասնակցությունը Հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում, քաղաքական ասպարեզում, նաև ներդրումների ոլորտում:

130 տարի է, ինչ դուք գործում եք, և այսօր դուք Արցախում եք: 30 տարի է, ինչ հայոց ճակատագիրը վճռվում է այս հողի վրա, և բոլորս պատասխանատվություն ունենք այս ճակատագրի համար: Ամեն օր լրջանալու պահն է մեզ համար: Եվ այսօր էլ մենք ձեզ հետ ունենք մեծագույն մարտահրավերներ: Բոլորս էլ պիտի իրատես լինենք: Եվ այն որոշումները, որ դուք կայացնեք, վստահ եմ` իրենց մեծ ազդեցությունը պիտի ունենան կյանքից ներս:

Այս առումով ես ձեզ` սիրելիներս, մաղթում եմ ամենայն հաջողություն: Թող բարի պտուղներով ավարտվի 8-օրյա ձեր համագումարը:

Մի զուգադիպություն ևս: Մենք երբեք մեր հումորը չպիտի մոռանանք, որը մեզ պատերազմի ժամանակ միշտ օգնել է `թեթևացնելու լարված պահերը: 30 տարի է, ինչ Դաշնակցությունը վերադարձել է Արցախ: Այս տարի էլ 30 տարի է, ինչ Արցախի պատմական թեմը նորից վերադարձավ Արցախ: Սա էլ հինգերորդ զուգադիպությունը, որի մեջ ես նորից լավ նշաններ եմ տեսնում:

Ես հայցում եմ Աստծո օգնականությունը Ձեզ, սիրելի’ ընտրյալներ: Լավ աշխատեք, լավագույն որոշոմները անցկացրեք կյանքի, ջանք չթափեք, եռանդ չթափեք, որովհետև նա է հասնում իր նպատակին, ով քրտնաջան աշխատում է առավոտ և ցերեկ: Ով դա անում է, նա բարի պտուղներ, միևնույն է, քաղում է: Քրտինքն է, որ պտուղ է տալիս:

Ես ուրախ եմ դահլիճում տեսնել բազում հին բարեկամ, հարազատ դեմքեր, որոնց 30 կամ ավելի տարիներ ճանաչում եմ: Կրկին ողջունում եմ և ամենայն հաջողություն մաղթում Ձեզ և դրանով էլ մեզ` բոլորիս:

Շնորհակալություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում