Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը

Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին:

Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, սակայն չցանկացավ ասել, թե երբ կհրապարակվի որոշումը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ըստ գլխավոր դատախազության, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում