Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը

Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հունվարի 17-ին հանդիպեց ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի առջև ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիան սկսվել էր դեռևս դեկտեմբերի 21-ին, երբ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

Հունվարի 10-ին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ բողոքող ցուցարարներից մեկը թքել էր նրա պաշտպանի մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին:

Հանդիպման ընթացքում ակցիայի կազմակերպիչներից մեկը` Ջիվան Աբրահամյանը Արսեն Մկրտչյանին վստահեցրեց, որ իրենք պաշտպանի դեմ որևէ խնդի չունեն և ոչ էլ դեմ են, որ Մանվել Գրիգորյանը պաշտպան ունենա:

«Վստահ եղեք, որ քաղաքացիների կողմից ձեր նկատմամբ որևէ մեկը որևէ գործողություն չի կատարի և դուք հանգիստ կարող եք ձեր պաշտպանական լիազորությունները կատարել: Միևնույն ժամանակ խնդրում ենք, որ փոխադարձ իրար հանդեպ այլևս որևէ արտահայտություններ չլինեն»,- ասաց Աբրահամյանը:

Արսեն Մկրտչյանը հետաքրքրվեց, թե արդյոք փարատվել են այն կասկածները, որ ինքը ցուցարարներին վիրավորել է, ցուցարարը, ով թքել էր մեքենայի վրա և վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ասաց, որ այդ պահին վրդովված է եղել, ինչու չէ՝ նաև սադրանքի է ենթարկվել, ու նման քայլ է կատարել, ինչի համար զղջում է:

Արսեն Մկրտչյանը, որպես հաշտության նշան, առաջարկեց ակտիվիստի մեքենայով ուղևորվել դեպի Էջմիածնի իր գրասենյակ:

Ցուցարարները խոստացան նաև, որ այլևս ճանապարհները չեն փակելու ու գործելու են ՀՀ օրենքների շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում