Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին

Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հունվարի 17-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունում ասված է.

«Սույն թվականի հունվարի 17-ին, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել,մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ Կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով:ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու Իրավունքների Կոնվենցիայի խախտման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում