ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսն ավարտել են Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների առաջին փուլը

ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսն ավարտել են Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների առաջին փուլը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն ու Եգիպտոսը հաջողությամբ ավարտել են Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանակցությունների առաջին փուլն անցել է Կահիրեում՝ հունվարի 15-17-ը:

Բանակցությունների նպատակով Կահիրե են մեկնել Հայաստանի փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ առևտրի գծով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան:

Կողմերը քննարկել են համաձայնագրի հիմնական մեխանիզմները, ամրագրել համաձայնեցված կետերը և նախանշել հետագա աշխատանքների ժամանակացույցը: ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը կառուցողական երկխոսության պատրաստակամություն են հայտնել և հաստատել իրենց նպատակամղվածությունը մշակելու բազմաֆորմատ առաջադիմական համաձայնագիր:

Առևտրային համաձայնագիրը ԵԱՏՄ երկրների համար նոր հնարավորություններ կստեղծի Եգիպտոսի հետ առևտրի զարգացման և դիվերսիֆիկացման համար: ԵԱՏՄ երկրների և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառությունը 2018 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել է 5,8 մլրդ դոլար՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21,2 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում