Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին

Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հունվարի 17-ին հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Թոմաս Գրեմինգերը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպան Պապիկյանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։

Շնորհակալություն հայտնելով Թոմաս Գրեմինգերին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում