Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան

Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

Քննարկումները ու զարմանքն ավելի աճեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարության այն մասից, թե՝ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ ու համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին»։

Ինչի՞ մասին է խոսվել, ի՞նչ է քննարկվել, ինչի՞ց հետո են եկել համաձայնության՝ հարցականներ են։ Panorama.am-ի թղթակիցը այս ամենի շուրջ խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։

– Պարոն Բաբայան, հունվարի 16-ին կայացած հանդիպումը 4-րդն էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Ինչպե՞ս կգնահատեք նախորդ երեք հանդիպումների արդյունավետությունը և մանավանդ՝ ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել վերջին հանդիպմանը։

– Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ողջունում ենք նման հանդիպումները, որովհետև դրանք դիտարկում ենք որպես խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովող երևույթ, ինչպես նաև կարևոր բաղադրամաս՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առումով։ Նման հանդիպումները կարևոր են նաև այն բանի համար, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այդ իշխանափոխության հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, փակուղի կամ վտանգավոր փուլ չի մտել։ Սա շատ կարևոր է։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 4 հանդիպումներից հատկապես առաջինն ու երկրորդը եղել են ինչ-որ տեղ նաև նոր իշխանության դիրքորոշման հաստատման փուլ։ Ընդհանուր առմամբ, կարևորում ենք այս բոլոր հանդիպումները, որովհետև դրանք թույլ են տալիս շարունակել բանակցային գործընթացը։

– Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստելու միջոցների անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կետը, ըստ Ձեզ՝ ինչ նկատի ունեն համանախագահները։

– Նախևառաջ պետք է ֆիքսել՝ խոսքը խաղաղության նախապատրաստելու, ոչ թե խաղաղության պայմանագրի նախապատրաստելու մասին է։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը շատ համապարփակ հասկացություն է։ Դժվար է ինչ-որ ժամկետ սահմանել, որովհետև ժամկետն ինքնին ինչ-որ տեղ պարտադրանք է հանդիսանում։ Իսկ մեզ մոտ պարտադրանք չի կարող լինել, համանախագահները բազմաթիվ անգամ հայտնել են, որ իրենք դիտորդներ են, ոչ թե դատավոր։ Հետևաբար, երբ խոսում են խաղաղության նախապատրաստման մասին, սա նախևառաջ նոր գաղափար չէ, այն առաջ է քաշվում բոլոր հանդիպումների ժամանակ։ Պաշտոնական Ստեփանակետն ասում է, որ անհնար է հասնել խնդրի խաղաղ կարգավորման, եթե համապատասխան մթնոլորտ չի ձևավորվում։

Իսկ հայատյացությունը վերջին 30 տարիներին բացեիբաց եղել և մնում է Ադրբեջանի պետականաշինության հիմքը։ Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է համապարփակ կարգավորում ակնկալել։ Նրանք Արցախն իրենց տարածքն են դիտարկում, մինչդեռ նման պնդման համար որևէ հիմք չունեն։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ, այլ կերպ է մոտենում հակամարտության կարգավորմանը։ Այդ երկրի համար կարևորը տարածքի բռնակցումն է։ Այս պարագայում նրանք պետք է գան խաղաղության, իսկ խաղաղության պատրաստել նշանում է ձերբազատվել նացիզմից, հասկանալ, որ ռևանշը հղի է անկանախատեսելի հետևանքերով։ Նրանք մեզ հետ հետագայում պետք է կարողանան ապրել որպես հարևան, ոչ թե շանտաժի միջոցով ասեն, որ Հայաստան ապագա չունի, եթե շարունակի սատարել Արցախին։

– Հայտարարությունում խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման կազմակերպման մասին։ «Վերելակային» հայտնի դիվանագիտությունից և Ադրբեջանի նախագահի շարունակվող ագրեսիվ հայտարարություններից հետո ինչ երաշխիքներ կան, որ դրանք որևէ կերպ կնպաստեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

– Այդ հանդիպումները շատ կարևոր են։ Նման հանդիպումները, կրկնում եմ, թույլ են տալիս ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը։ Երկխոսություն պետք է լինի, դա միանշանակ է, բայց ակնկալել, որ ադրբեջանական կողմը փոխելու է իր դիրքորոշումը, չեմ կարծում։ Ընդհակառակը, ընթանում է հակառակ գործընթաց, Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու ծրագրերը։ Եթե տեսնենք, թե նրանք 2017-ին և 2018-ին քանի զորավարժություն են իրականացրել, դա ավելի քան պարզ կլինի։ Նրանք հայտարարում էին, որ զորավարժություններն ուղղված էին հենց Արցախի դեմ։ Ադրբեջանը մեկ մի բան է ասում, մեկ էլ մյուս կողմից այլ նպատակներ փայփայում։ Մենք երբևիցե չպետք է թուլացնենք զգոնությունը, շարունակենք բանակցային գործընթացը՝ զուգահեռաբար ամրապնդելով բանակաշինությունը, որովհետև Արցախի ճակատագրից կախված է Հայոց պետականության ճակատագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում