Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: «Մենք մտնում ենք մի շատ վտանգավոր շրջափուլ, որտեղ Ադրբեջանը մինչև ատամները զինված տարիների քարոզչական աշխատանքի շնորհիվ փորձում է հասնել մի այնպիսի հնարավորության, թե երբ կարող է միջազգային հնարությանը հրամցնել այն տեսակետը, որ սա զուտ տարածքային խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և որ ժամանակին իրենք թույլ են եղել, պատերազմում պարտվել են, հիմա իրենք ուժեղ են և այդ պատերազմում հաղթելու են»,– Բաքվի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված քննարկման ժամանակ նշեց միջազգանյագետ Միհրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սա Ադրջեջանի քարոզչական գիծն է, որի մեջ պարտադիր բաղադրիչը հնարավորինս մոռացության մատնել թե Բաքվի ջարդերը, թե Սումգայիթի ջարդերը, թե այն ողբերգական իրադարձությունները, որոնք Ադրբեջանի կողմից կատարվել են բուն Արցախի տարածքում։

«Մենք որոշակի թերացումներ ունենք քարոզչական դաշտում։ Ժամանակակից գործիքակազմով աշխարհին այս ցեղասպանական իրադարձությունները ներկայացնելու պրոբլեմ ունենք։

Ժամանակն է, որ հնարավորինս շատ խոսենք այս թեմայով։ Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում։ Մենք ունենք հիանալի մասնագետներ, ովքեր կարող են ներկայացնել խնդիրները, նպատակները, որոնք էլ հիմք կարող են լինել այն քաղաքականության համար, որը պետք է տանենք»,- ասաց Հակոբյանը։

Քննարկմանը ներկա հրապարակախոս, ռեժիսոր Բոգդան Աթանեսյանն էլ նշեց, որ բացի դրսում տարվող քարոզչությունից, ներսում ևս խնդիր կա. «Այս օրերին մեր հեռուստաալիքներով քանի՞ ֆիլմ է լինելու այս թեմային վերաբերող, քանի՞ հաղորդում կամ հարցազրույց է լինելու։ Կլինեն իհարկե, բայց բավարար չեն։ Վաղը ամբող Ադրբեջանի հեռուստատեսությունը, մամուլը, դպրոցները, բուհերը, ինչքան որ հասարակական, տեղեկատվական հարթակ կա, լցված են լինելու կեղծ ինֆորմացիայում ու մեղադրանքներով։ Ադրբեջանում 30 տարի հակահայկական քարոզ է եղել, ես հիմա չեմ պատկերացնում, թե ոնց են նախապատրաստելու այդ հասարակությանը ու ոնց է այդ հասարակությունը հայերի հանդեպ հանկարծ լցվելու ինչ-որ խաղաղասիրությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում