ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում

ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատանքային մեկ տարին դեռ չի լրացել, ուստի կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հունվարի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն կատարվում են, որպես կանոն, տարեկան գործունեության արդյունքների հիման վրա, և քանի որ այդ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմքը հանդիսացած հանգամանքների առկայությունը»,- ասաց Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է այս հարցի շուրջ կուսակցության ու խմբակցության կարծիքին՝ Պետրոսյանը նշեց, որ դեռ պետք է խախտում հայտնաբերվի, իսկ մինչ այդ գոյություն ունի անմեղության կանխավարկած:

«Մենք որպես ՀՀ պետական բյուջեի նպատակային ծախսման ուղղությամբ շահագրգիռ քաղաքական ուժ, շահագրգռված ենք, որ ոչ մի լումա չծախսվի ոչ նպատակային, բայց գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք, որը մենք պարտավոր ենք հաշվի առնել ու պահպանել ցանկացած շփումներում: Այս պահին պետք է նախ խախտում հայտնաբերվի»,– նշեց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը լիազորված պետական մարմիններին հորդորեց զբաղվել այս խնդրով, ինչից հետո անհրաժեշտության դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանդրադառնա այս հարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում