Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Factor.am: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի համար մտահոգիչ է Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների փակումը, որովհետև մենք շրջապատված ենք այնպիսի հարևաններով՝ բացառությամբ Իրանի, որոնք լծված են հայկական մշակութային հուշարձանները վերացնելու և դրանք սեփականաշնորհելու գործին։

«Ադրբեջանցիները բազմաթիվ հրապարակումներ են արել այն մասին, որ իրենց տարածքում գտնվող հուշարձանները ոչ թե հայկական, այլ աղվանական են։ Մեր մյուս հարևանները՝ վրացիները, գրքեր են հրապարակում, որ իրենց տարածքում գտնվող հուշարձանները գյորգիևյան են, դրանց պատասխաններ պետք է տրվեն հայկական կողմից, սական չեն տրվում։ Ինչպես Պաշտպանության նախարարությունն է մեզ համար կարևոր, այդպես էլ Մշակույթի նախարարությունը»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հուշարձանագետը՝ նշելով, որ Մշակույթի նախարարությունը ոչ թե պետք է փակվեր, այլ ավելին՝ հարստանար բաժիններով՝ ըստ երկրների, որոնք պետք է կանխեին և հակադրվեին մեր հարևանների տարածքներում գտնվող հայկական հուշարձանների սեփականաշնորհման գործընթացներին։

«Օրինակ՝ Ադրբեջանի մի մասը՝ Կուրի ձախ ափը, հայ մշակույթի ոլորտ է․ ամեն գյուղում հայկական հետք կա, սակայն մենք մի բառ դրա մասին չենք ասում, իսկ Ադրբեջանը հասել և արդեն Սյունիքն է ուզում»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանի համար անհասկանալի է, եթե միջազգային հարթակներում տարբեր երկրների մշակույթի նախարարների հանդիպում տեղի ունենա, Հայաստանը ի՞նչ մակարդակով է ներկայանալու նման խորհրդաժողովներին։

«Եթե բոլորը լինեն գեներալներ, վատ է, որ Հայաստանը մի սերժանտ ներկայացնի»,- նշեց հուշարձանագետը։

Դիտարկմանը, որ արդեն հայտնի է, որ ինչպես Մշակույթի, այնպես էլ մի քանի նախարարություններ տրվելու են Արայիկ Հարությունյանին, արդյոք սուպերնախարար Արայիկ Հարությունյանը կկարողանա այս աշխատանքը պատվով տանել, Սամվել Կարապետյանն ի պատասխան պատմեց մի պատմություն։

«Շատ թարմ մի նորություն․ մեր հիմնադրամը մի կենտրոն ունի ԱՄՆ-ում, որտեղից մեզ օժանդակում են տպագրական հարցերում։ Մի երեք օր առաջ Լոս Անջելեսում Արայիկ Հարությունյանին հանդիպել է Լոս Անջելեսի խմբագիր Ժորա Մանուչարյանը և մի 15 րոպեանոց զրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ։ Ժորա Մանուչարյանը նրան առաջարկել է, եթե երբևէ ժամանակ ունենա, այցելի մեր գրասենյակ։ Արայիկ Հարությունյանը, սակայն, տեղը չի բերել, ինչ հիմնադրամի մասին է խոսքը։ Փաստորեն մեր տասնամյա գործունեության ընթացքում այնքան ճանաչված է, որ աշխարհի տարբեր ծայրերից եթե գալիս են Հայաստան, անպայման այցելում են մեր գրասենյակ։ Գուցե, եթե էկոնոմիկայի նախարարը լուր չունենար, դա նորմալ լիներ։ Ես, անկեղծ ասած, ավելին էի սպասում»,- ասաց Կարապետյանը ապա հավելեց․ «Ադրբեջանում, Թուրքիայում և Վրաստանում գիտեն՝ էս ինչ կազմակերպությունն ինչ է անում, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում մեզանից լուր չունենա՞ն․ տարակուսելի է, հավանաբար լավ չենք աշխատում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում