Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր

Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում նախօրեին ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ինչպես ֆեյսբուքում հայտնել էր Նիկոլ Փաշինյանը, հանդիպմանը «մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին»։ Նույն գրառման մեջ ասվում էր նաև, որ հանդիպումը տևել է մոտ ժամուկես», ինչն անգամ ամենահամեստ դիվանագիտական չափանիշներով, քիչ չէ։ Այս մասին գրել է «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Հոդվածում հիշեցվում է հունվարի 16-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը տևել էր 4 ժամ։

«Իհարկե, բանակցողները չեն հրապարակում այն սկզբունքները, որոնց վրա կառուցվում է բանակցային հիմքը։ Որոշ փորձագետներ կարծում են, որ խոսքը գնում է Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին, որը ձեռք է բերվել 2016թ․-ի ապրիլյան պատերազմից հետո, որը նախատեսում էր մոնիտորինգի համակարգերի ներդրում շփման գծում ու միջազգային դիտորդների ներկայություն։ Սակայն Դուշանբեում Փաշինյանի ու Ալիևի բանավոր պայմանավորվածությունից հետո առաջնագծում լարվածությունը զգալիորեն նվազել է, ինչպես նաև պետերբուրգյան համաձայնությունների նշանակությունը։

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո այն մասին, որ Փարիզում հանդիպմանը ի իթիվս այլ հարցերի քննարկվել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու հարցը, նաև շեշտադրվել էր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորության վրա՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը, պարզ է դառնում, որ արդեն իսկ առկա է Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կոնկրետ սցենար ու կողմերը վարում են առարկայական քննարկում, գուցեև սակարկություններ»,-գրում է հոդվածագիրը։

Նշվում է, որ ըստ ամենայնի, Դավոսում Ալիևն ու Փաշինյանը շտկումներ են մտցրել դիրքորոշումներում՝ փետրվարին սպասվող ԱԳ նախարարների նոր հանդիպման համար, որին կարող է հետևել Ալիև-Փաշինյան պոշտոնական գագաթնաժողովը, որն անշուշտ պետք է ավարտվի ինչ-որ կոնկրետ, բայց միջանկյալ համաձայնագրի ստորագրմամբ։ Պարզ է նաև այն, որ Ղարաբաղում ստատուս-քվոն չի պահպանվի։ Բաքուն ու Երևանը, շրջանցելով Ստեփանակերտին, գնում են փոխզիջումների։

«Պարզ է, որ այս փուլում Ադրբեջանը սպասում է իր վերահսկողության տակ որոշ շրջանների վերադարձ, հակառակ դեպքում դժվար թե իր «դիվանագիտական գրկում» սեղմեր Հայաստանին։ Քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքից ցանկացած հեռացում Ալիևին կհանգեցնի հեղինակության ու լեգիտիմության կորստի Բաքվում։

Այդ իսկ պատճառով հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները, որոնք մինչև այսօր շարունակում են վստահություն հայտնել, որ «Հայաստանը երբեք չի գնա տարածքային զիջումների Ադրբեջանին՝ առանց Արցախի վերջնական կարգավիճակի հստակության», մնում են ռոմանտիկ պատրանքներին գերի։ Ստեփանակերտի ստատուսը, ինչպես նաև նրա մասնակցությունը բանակցային գործընթացին, ինչի մասին ասում էր Փաշինյանը, այժմ չի դիտարկվում հենց Երևանի կողմից։

Գործընթացի հենց տրամաբանությունը հուշում է, գորում ներառվել է Փաշինյանը, արդեն թելադրում է որոշակի քայլեր ղարաբաղյան ուղղությամբ։ Միայն պարզ չէ, թե ինչպիսի զիջումների է պատրաստ գնալ Բաքուն։ Սա առաջին։ Եվ երկրորդ․ բոլոր նշաններով, Ադրբեջանն իր «պարտիան» խաղում է Թուրքիայի հետ միասին»,-գրում է Տարասովը ու հիշեցնում օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որում ասել էր, որ գոյություն ունեցող որոշ խնդիրների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել ու ընդգծել, որ երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: Չավուշօղլուն խոստացել էր 2019-ին այս հարցերում ավելի հետևողական լինել։

Տարասովը գրում է, որ մինչ Երևանն ու Բաքուն նոր խոսում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման մասին, Անկարան գործուն քայլեր է ձեռնարկում։

«Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»,-ասել էր Չավուշօղլուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում