Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով

Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության բարձր մակարդակի հանդիպումները, պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմամբ, հնարավորություն են պահպանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հունվարի 22-ին Դավոսում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Ցանկացած նման հանդիպում Արցախը միշտ ողջունել է այն առումով, որ այդ հանդիպումները թույլ են տալիս պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը և նպաստում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանը: Մենք չենք պատկերացնում առհասարակ, որ հնարավոր է ինչ-որ հակաարցախյան որոշում կայացվի»,- ասաց Բաբայանը: Թեև հանդիպման բովանդակության մանրամասները հայտնի չեն, սակայն Արցախում վստահ են, որ այդ հանդիպումներում հակահայկական որոշումներ հնարավոր չեն:

Դավիթ Բաբայանի խոսքով` շփման հավանականությունը մեծ էր, սակայն կոնկրետ հարցեր քննարկված լինել չեն կարող: «Որ կհանդիպեին, կանխատեսելի էր, որովհետև ի վերջո նույն միջոցառմանն էին մասնակցում, ֆիզիկապես չէին կարող իրար չտեսնել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ հարցեր են քննարկվել, ապա խնդրի համապարփակ կարգավորման մասին այս պահի դրությամբ խոսել հնարավոր չէ: Նախ և առաջ` վերականգնված չէ բանակցությունների լիարժեք ձևաչափը` պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ: Նաև Ադրբեջանը չի վերանայել իր ռևանշիստական, հայատյաց դիրքորոշումները»,– նշեց Դավիթ Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում