Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ. Մաեստրո Մանսուրյանը նշում է իր 80-ամյակը

Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ. Մաեստրո Մանսուրյանը նշում է իր 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանը կնշանավորվի մի շարք համերգային ծրագրերով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տիգրան Մանսուրյանը տեղեկացրեց, որ հոբելյանական ծրագրի մեկնարկը կտրվի հունվարի 27-ին՝ Լոս Անջելեսում նախատեսված համերգով: Կհնչեն տարբեր տարիների իր մի շարք գործեր, այդ թվում, Չարենցի բանաստեղծություններով գրված «Արվեստ քերթության» երգչախմբային կոնցերտը: Համերգին մասնակցելու է աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը։ Հաջորդ համերգը նախատեսված է հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի երևանյան տուն-թանգարանում, որի ընթացքում կհնչեն իր կամերային ստեղծագործությունները: Մարտ ամսին ևս համերգային ծրագրեր են նախատեսված, որոնք քննարկվում են:

Հոբելյանական օրերին մաեստրոյի զգացողությունները

– Պարտականություններս այնքան շատ են, որ չեմ մտածել հոբելյանի ուղղությամբ: Հարազատներս են հեռուներից եկել ծննդյանս օրվա առթիվ, այսօր գալիս է աղջիկս Լոս Անջելեսից: Խառը իրավիճակ է, կարծես, ինքս ինձ հաշիվ տալու ժամանակը դեռ չի եկել:

Ծննդյանս օրը լինելու է ընտանեկան հավաք, ոչ պաշտոնական միջոցառում: Կլինեն ընկերներս, բարեկամներ: Հետո սովորականի պես կաշխատեմ, մի գործ կա ձեռքիս, որը պետք է մաքրագրեմ: Ես թույլ չեմ տալիս, որ տոնական օրերն իմ ստեղծագործականի վրա ազդեցություն ունենան, աշխատում եմ ամբողջ տարի, առանց առիթի սպասելու:

Տիգրան Մանսուրյանի համար ամենացանկալի մաղթանքը հոբելյանի առթիվ

-Աստված իմ… ո՞ւմից կցանկանայի լսել բարեմաղթանք: Իմ կնոջից կուզեի լսել բարեմաղթանք, որ հիմա չկա:

Հետհայացք ստեղծագործական կյանքին, գնահատական անցած ուղուն

– Ծայրահեղ հագեցած էր իմ անցած ուղին: Դեռ երաժշտության ճանապարհ մտնելու առաջին իսկ օրվանից մինչև այսօր լուրջ կռիվ է: Այդ պահը, որ պետք է թողնեմ ինձ ազատ, դեռ չկա, թեև 80 տարին էլ բավական տարիք է, որ մի քիչ էլ հոգնածությանը տեղ տաս: Չեմ կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ:

Խոսեմ ափսոսալու մասին: Ես երիտասարդ տարիներին աշխատել եմ, սակայն, կարծում եմ, շատ ավելի եռանդով պետք է աշխատեի և ավելի շատ արդյունք ունենայի: Ճիշտն ասեմ, այն տարիներին չէի հավատում, որ ես կարող եմ լիովին իրականանալ, որովհետև սովետական համակարգը կար, և ես ինձ հարազատ չէի զգում, թեպետ, չեմ կարող ասել, թե ինձ նեղացրել են: Հիմա այլ է…Ես հիմա ունեմ մեծ թվով պատվերներ արտասահմանից, կան հրատարակչություններ, որ լույս են ընծայում նոտաներս, կա ձայնագրման ընկերություն, որն մշտապես աշխատում է ինձ հետ:

Ինչի՞ համար երբեք չեմ զղջացել: Երբ պետք է ուսուցիչ ընտրեի, որոշեցի սովորել Ղազարոս Սարյանի մոտ: Շատ բարձր եմ գնահատում իմ շփումը մեծ երաժշտի, մտավորականի հետ: Նրա շնորհիվ նաև հաճախ այցելող եղա Մարտիրոս Սարյանի տուն: Հինգ տարի անց ես որոշեցի իմ կրթությունը շարունակել կրկին Ղազարոս Սարյանի մոտ, ինչը շատ ճիշտ որոշում էր, քննարկման էլ չեմ դրել: Իմ նկարագրի մեջ կարևոր տեղ ունի հավատարմությունը:

Մտորումներ Հայաստանի մշակութային կյանքի մասին

– Գիտեք, դետալներին ծանոթ եմ, սակայն դրանցով չեմ մտահոգվում, չեմ թողնում, որ ինձ վրա դրանք իշխեն: Նոր երևույթներ են տեղի ունենում: Հանրությանը թողել են ազատ: Օրինակ, սովետական տարիներին հսկվում էր, որ ռաբիսը ռադիոյով չհնչի, չմտնի եթեր: Մենք ասացինք, որ կարող ենք ազատ ապրել յուրաքանչյուրս մեր զարգացվածության աստիճանով: Մենք հրաժարվեցինք արգելող փայտից բոլոր բնագավառներից:

Տիգրան Մանսուրյանի արժանի շարունակողները

-Իհարկե, նրանք կան: Ես շատ սիրում եմ Արթուր Ավանեսովին՝ տաղանդավոր, զարգացած, համակողմանի հրաշալի երաժիշտին, որ կատարող է, տեսաբան, կոմպոզիտոր: Նա, ցավոք, մեր միջավայրում դեռ այնքան էլ ծանոթ անուն չէ: Գիտեք, հասարակության շրջանում իմ այսքան ճանաչվելը չէր լինի, եթե չլինեին ֆիլմերի համար գրված իմ ստեղծագործությունները: Ես էլ կլինեի Արթուրի պես, շատերի պես: Ես ֆիլմերին 20 տարի տվեցի, ինտենսիվ երաժշտություն եմ գրել 100-ից ավելի ֆիլմերի, ներկայացումների համար:

Մաեստրոյի երազանքները, նպատակները

– Ես հոգևոր երաժշտության ոլորտ մի քանի անգամ մտել եմ, մի քանի գործ ունեմ: Այստեղ անելու լուրջ գործ կա, իմ պարտքն է հաջորդ սերնդին այդպիսի մի աշխատանքային ծրագիր փոխանցելը: Երբ բացում ես մեր շարականները, այնքան հարուստ նյութ կա: Մեղեդին պետք է կարողանալ գոյացնել, ինքնուրույն կոմպոզիտորական աշխատանք անել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում