Մեկ զոհ և վեց վիրավոր՝ ռեստորանում ծագած վիճաբանության հետևանքով

Մեկ զոհ և վեց վիրավոր՝ ռեստորանում ծագած վիճաբանության հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Այսօր` ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով 7 երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1989թ.։ Մյուս տուժողները ևս Աբովյան քաղաքի բնակիչներ են։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք հրազենային վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում ծագած վիճաբանության ժամանակ։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, մշակվել է քննչական պլան, և ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում