Մնացականյան. Մենք ունենք բավարար ներուժ՝ մեզ պաշտպանելու և վնաս հասցնելու

Մնացականյան. Մենք ունենք բավարար ներուժ՝ մեզ պաշտպանելու և վնաս հասցնելու

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չբացառեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կարող է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նա նշեց, ժամկետներն ու այլ հարցեր հստակեցնելուց հետո կտեղեկացնեն հասարակություններին։

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը կարևորեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ասաց՝ դրանք պետք է շարունակվեն։

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ու ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների մասին հարցին, Զ. ՄՆացականյանն ասաց՝ ցավում է Ալիևի հնչեցրած հայտարարության համար։

«Մեր դիրքորոշումների ու դիրքերի հանդեպ վստահությունը եղել և մնում է շատ բարձր: Մեր դիրքորոշումները բոլորիդ ավելի քան պարզ ու հայտնի են: Դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում անվտանգությանը: Ստատուսի հարցը, կրկնում եմ, որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իսկ անվտանգության հարցը նշանակում է, որ այն համակարգը, որ այսօր գոյություն ունի, ապահովում է անվտանգության համապարփակությունը։ Սա է այսօր իրողությունը։ Ես կարիք չունեմ կրկնելու և ասելու, թե ինչ կարողություններ ունենք մենք մեզ պաշտպանելու և վնաս հասցնելու Մենք ունենք այս վճռականությունը, և կարիք չկա դրա մասին անընդհատ կրկնել», – ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք գործընթացը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել, իսկ դրա համար շատ կարևոր է միջավայրն ու մթնոլորտը։

Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այսօր ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքերը բավականին ամուր են.

«Բանակաշինությանը մեծ ուշադրություն է դարձվում։ Մեր բանակը իր ուժն ու հզորությունը ցույց տվեց մարտի դաշտում։ Ապրիլյան պատերազմը մեր պատմական հաղթանակն է։ Մենք զավթիչներից ազատագրեցինք մի քանի ռազմավարական նշանակության դիրքեր ու այնտեղ բարձրացրեցինք ադրբեջանական դրոշը։

Ադրբեջանի տնտեսական զարգացումն ու կարողություններն էլ ավելի են ամրապնդում իրենց երկրի դիրքերը բանակցային գործընթացում: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը ամենակարևոր խնդիրն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում