Հայ-ռուսական բարեկամության չարակամների կեղծ նորություններն ու հիբրիդային պատերազմը

Հայ-ռուսական բարեկամության չարակամների կեղծ նորություններն ու հիբրիդային պատերազմը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am:  Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը հանգեցրեն նրան, որ մեզ համար «հիբրիդային պատերազմ» հասկացությունը դարձավ սովորական, որի անբաժան մասն է հանդիսանում կեղծ նորությունների տարածումը: Եթե պատերազմի, նրա դասական ընկալմամբ, հետևանքների հետ պայքարելը բարդ է, բայց հնարավոր, ապա ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն անհամեմատ ավելի բարդ է:

Կեղծ նորությունների կանխամտածված տարածման ֆենոմենից զերծ չի մնացել նաև Հայաստանի մեդիա-ոլորտը, որը երբեմն «անհեթեթության (աբսուրդի) թատրոն» է հիշեցնում: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում հայերի մեծամասնությունը նորություններին հետևում է Facebook կամ Twitter սոցիալական կայքերում: Հայ հասարակության քաղաքական բևեռացման աճին զուգահեռ, հաշվի առնելով նաև միայն վերնագրերը կարդալու սովորությունը և «ֆիլտրների պղպջակը» (համացանցային կայքերի միջոցով այն տեղեկատվության որոշումը, որն օգտվողը կուզեր տեսնել՝ կախված իր գտնվելու վայրից, նախորդ բացած կայքերի, որոնման պատմության և նախասիրությունների ամբողջությունից)՝ կեղծ տեղեկատվությունը լայնորեն տարածվում է:

Հայ միջին օգտվողը մեծամասամբ այնքան էլ լավ չի կողմնորոշվում ժամանակակից մեդիա-տիրույթում և մեծ է ռիսկը, որ նա կարող է ապատեղեկացված լինել տարբեր տեսակի կեղծ տեղեկատվության, կեղծ նորությունների կայքերի ու սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի միջոցով:

Իրավիճակը բարդանում է նրանով, որ նման նորությունները հաճախ առանց անհրաժեշտ ստուգման տեղափոխվում են ավելի ծանրակշիռ ԶԼՄ-ների կայքեր: Այսպես, 2018 թ. վերջն ու 2019 թ. սկիզբն արդեն իսկ նշանավորվել են մի քանի ապատեղեկատվական երևույթներով: Որպես ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալիզմի դասական օրինակ, կարելի է ներկայացնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը «Комсомольская правда» ռադիոկայանին: Սխալ մեկնաբանումն ու որոշ ԶԼՄ-ների կողմից դիտավորյալ ՌԴ ԱԳ ղեկավարի խոսքերի աղճատումը, կեղծ նորությունների արագ տարածումը իսկական «տեղեկատվական իրարանցում» առաջացրին հայկական մեդիա ոլորտում և բլոգ-ոլորտում: Սկսվեց կտրուկ հայտարարությունների, մեղադրանքների հեղեղ և այս բոլորը խոսքերի սխալ հասկանալու արդյունքում: Խնդիրը կայանում է նրանում, որ Լավրովը, շոշափելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության հարցը, նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության վերաբերյալ նոր համաձայնագիր են նախապատրաստում, որը երաշխավորում է «այնտեղ օտարերկրյա զինվորականների բացակայությունը»: Թե այս խոսքերի տակ կոնկրետ ինչ նկատի ուներ ՌԴ ԱԳ ղեկավարը, ակնհայտ է. խոսքը գնում էր լաբորատորաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության մասին:

Թվում է, թե սա պարզից էլ պարզ էր: Պետք էր ընդամենը մեկ անգամ ևս կարդալ կամ լսել հարցազրույցի բնօրինակը, և այլևս հարցեր չէին առաջանա: Սակայն ոչ: Սկսվեցին քննադատություններ, Հայաստանի վրա մեղադրանքների հեղեղ սկսվեց «ինքնիշխանությունը Ռուսաստանի վաճառելու համար», որ «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է», իսկ «Սասնա ծռեր” կուսակցությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես մի պետութունը կարող է մեկ այլ ինքնիշխան պետությունից պահանջել իր տարածքում զինվորականների բացակայության երաշխիքներ: Իրավիճակն այնքան թեժացավ, որ պաշտոնական մեկնաբանմամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ապա նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Մշուշը ցրվեց, սակայն անդուր զգացողությունը մնաց: Հաշվի առնելով տեղեկատվական պատերազմով ուղեկցվող չկարգավորված Արցախյան հարցը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածությունը, տեղեկատվության նման խեղաթյուրումը չափազանց վտանգավոր է հասարակության համար և սպառնում է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական պոտենցիալ ցնցումներով:

Զանգվածների, մասնավորապես հայ հասարակության վրա ազդեցության մեկ այլ օրինակ է տեղեկատվության կանխամտածված արտահոսքը, որն իրականացվեց Anonymous ցանցի հակերների կողմից, որի արդյունքում Բրիտանիայի Integrity Initiative պետական ծրագրի արխիվից հրապարակվեց հայ փորձագետների մի ցանկ, ովքեր իբրև թե զբաղվում էին ՌԴ և ՀՀ շահերի պաշտպանությամբ: Ուշագրավ է այն փաստը, որ ցանկում տեղ էին գտել այնպիսի մասնագետներ, որոնք հեռու են ռուսական կողմնորոշումից կամ գոնե մինչև դա բացահայտ կերպով Մոսկվայի օժանդակման գործում ներգրավված չեն եղել: Օրինակ, բարդ է «ռուսամոլության» մեջ մեղադրել Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանին, Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանին, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին:

Փաստերում սխալները, կենսագրությունների մեջ թյուր տեղեկությունները, «քաղաքական վերլուծության» սիրողական մակարդակը հանգեցնում են այն մտքին, որ ցանկը կազմողները շատ չեն խորացել, վերցրել և թվարկել են այն անձանց, որոնց մասնագիտական հայացքները որոշակի առումով համահունչ են կամ համընկնում են տարածաշրջանում ՌԴ շահերի հետ: Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա յուրաքանչյուր հայ փորձագետ, ով բացահայտորեն հանդես չի գալիս արևմտյան քաղաքականության օգտին կամ ՌԴ-ի դեմ, ռիսկային խմբում է և կարող է ներառվել «ռուսամետների» ցանկում:

Այսպիսով, բացի ներքին համատեքստից, գոյություն ունի նաև կեղծ նորությունների արտաքին համատեքստը: Այս ֆենոմենը կարող է դիտարկվել որպես տարածաշրջանում ՌԴ շահերի դեմ ուղղված «գաղափարական խաթարող գործունեությյուն»: Այս մասին է վկայում ներկայացված ապատեղեկատվության բնույթը: Հավանաբար ոչ պատահաբար, այն ուղղված է, առաջին հերթին, հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրությունների տարածմանը՝ «ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնգձությունների» տեսքով, և երկրորդ հերթին, ՀՀ-ում օտար երկրի շահերը առաջ տանող փորձագետների առկայության տեսքով: Այլ կերպ ասած, հասարակությանը մոլորության մեջ գցելու կանխամտածված քաղաքականություն է տարվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ ներքաղաքական ճղճիմությունները ավելի են խորացնում իրավիճակը, իսկ հայկական ԶԼՄ-ների և հասարակության քաղաքականացվածության մակարդակը հասել է չտեսնված մակարդակի, ապա պարզ է դառնում, թե ինչու այս կամ այն պարբերականի նախասիրությունների հետ համահունչ ապատեղեկատվությունը այդպես հեշտությամբ տարածվում է տվյալ ԶԼՄ-ի կողմից:

Պետք է փաստել, որ չարաշահումների լայն տարածմանը, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերություններում, նպաստեց նաև բացասական հակառուսական ֆոնը, որն առաջացավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Թեև հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով հարցվածների մոտ 80 տոկոսը նախկինի պես գտնում է, որ ամենամոտ և բարեկամ երկիրը Ռուսաստանն է, այնուամենայնիվ, ի հայտ են եկել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ակտիվորեն շահարկում են հակաքաղաքական քարտերը՝ պնդելով պրոեվրոպական ուղին:

Այս մասին է վկայում վերջերս տեղի ունեցած նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում որոշ քաղաքական կուսակցություններ և բլոկներ փորձում էին հակառուսական կարգախոսներով դիվիդենտներ շահել: Ակնհայտ է, որ նման ակտիվ աշխատանքը իր պտուղները պետք է տա:

Երևանի և Մոսկվայի լարվածության մեջ իրենց լուման ներդրեցին նաև Հայսատանում տեղի ունեցած երկու ներքաղաքական իրադարձությունները: Առաջին դեպքում խոսքը գնում է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը, երբ ռուսական 102-րդ բազայի զինածառայողը կասկածվում էր քաղաքի բնակչուհու սպանության մեջ, որին ծեծելով սպանել էին դեկտեմբերի 2-ին: Պարզ է, որ այս դեպքը չէր կարող չազդել հասարակական կարծիքի վրա:

Երկրորդ դեպքում շեշտը դրվում էր Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածության վրա: Դա, մասնավորապես, «գազի թեմային» էր վերաբերվում: 2018 թ. դեկտեմբերի 31-ին պարզ դարձավ, որ «Գազպրոմը»-ը 2019 թվականին մոտավորապես 10 %-ով բարձրացնում է Վրաստանի տարածքով Ռուսաստանից մատակարարվող կապույտ վառելիքի գինը:

Այժմ բնական գազի 1000 խմ-ը հայ սպառողի համար կարժենա 165 դոլար նախկին 150-ի փոխարեն:

Ձևավորված իրավիճակի հետ կապված՝ այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի քանի կետերի վրա:

Առաջին: Նախկինում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հանդես էր եկել գազի տարիֆի իջեցման վերաբերյալ հայտարարությամբ: Օրինակ, այդ մասին նոյեմբերին հայտարարել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար պարոն Գարեգին Բաղրամյանը: Սակայն, ներկայումս խոսքը գնում է ոչ թե գազի գնի իջեցման, այլ դրա բարձրացման վերաբերյալ:

Երկրորդ: գազի գնի բարձրացման վերաբերյալ որոշումը հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպումից մի քանի օր անց:

Երրորդ: Ուշագրավ է, որ հանդիպման հաջորդ օրը ռուսական առաջնորդը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղում ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով Փաշինյանի ատելի հակառակորդն է:

Այս երևույթները վկայում են հայ-ռուսական հարաբերություներում որոշակի սառնության մասին, իսկ գազի գնի փոփոխումը կարելի է դիտարկել Երևանի նկատմամբ Մոսկվայի ձեռքում քաղաքական լծակի առկայության համատեքստում: Թեև ՀՀ վարչապետը շատ հանգիստ է մեկնաբանում ձևավորված իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով այն փաստի վրա, որ վերջնական սպառողը, այսինքն երկրի բնակչությունը, գազն ստանալու է անփոփոխ գնով, սակայն դրանով իսկ ազդանշան է տրվում այն մասին, որ երկկողմ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է:

Ընդհանրացնելով ասվածը՝ կարող ենք հետևյալ եզրակացություների հանգել:

Առաջին հերթին, «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ սկսվեց ենթարկվեց ապատեղեկատվական հարձակումներին: Կեղծ օգտատերերը, ցածրորակ տեղեկատվական կայքերը աճում են, ինչպես սնկերը անձրևից հետո: Նրանք կեղծ տեղեկատվություն են տարածում հիմնականում Facebook-ի միջոցով: Հատկանշական է, որ նման տեղեկատվական հարձակումների ենթարկվում են գլխավորապես հայ-ռուսական հարաբերությունների ցավոտ թեմաները:

Երկրորդ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարվում է կանխամտածված, նպատակաուղղված տեղեկատվական պատերազմ, որի նպատակը Ռուսաստանին իր ազդեցության ավանդական գոտուց դուրս մղելն է: Հաշվի առնելով ամերիկա-ռուսական գլոբալ հակամարտության պարույրի նոր գալարը, Հայաստանում ակնհայտ արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերի իշխանության գալը, տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը (դրա մասին է վկայում ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը, Ռուսաստանի գծով մասնագետ Լին Թրեյսիի նշանակումը ՀՀ-ում որպես ԱՄՆ նոր արտակարգ և լիազոր դեսպան), բարդ չէ գլխի ընկնել, թե «քամին որ կողմից է փչում»:

Երրորդ: Թեև կեղծ նորությունների «պղպջակը» հետո պայթում է, սակայն, ցավոք, Հայաստանի շատ բնակիչներ մնում են դրա ազդեցության տակ՝ շարունակելով վստահ լինել տեղեկատվական արտահոսքի հավաստիության մեջ: Որոշ դեպքերում իրավիճակը բավականին հետու է գնում և կարող է նույնիսկ զանգվածային հասարակական ցնցումների պատճառ դառնալ: Չպետք է մոռանալ, որ փոքրիկ կայծը կարող է իսկական դժոխային կրակ առաջացնել:

 

«Ռուսաստանի Ջավախքի սփյուռք» հասարակական 

 կազմակերպության վերլուծական խումբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում