Արայիկ Հարությունյանը գտնում է, որ քահանաները պետք է ներողություն խնդրեն

Արայիկ Հարությունյանը գտնում է, որ քահանաները պետք է ներողություն խնդրեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը մանրամասներ ներկայացրեց Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե հոգևոր քարոզի»,- նշեց նախարարը:

Այն մասին, թե քահանաները սպասում են, որ տեղի ունեցած դեպքից հետո նախարարը պետք է իրենցից ներողությունը խնդրի, Արայիկ Հարությունյանը նշեց. «Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»:

Անդրադառնալով հարցին, թե ընդունո՞ւմ է, որ նախորդ իշխանությունների քաղաքականության հետևանքով է եկեղեցին մտել դպրոց ու բանակ, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ-ում նախորդ իշխանության թողտվությամբ, և որոշ առումով իրենց շահերից է բխում, որ որոշ խմբեր չհարգեն ՀՀ սահմանադրությունը և օրենքները: «ՀՀ-ում բոլորը պետք է հարգեն Սահմանադրությունն ու օրենքները»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում