Ինչու է Բոլթոնն Ալիևի հետ քննարկում Արցախի հարցը, իսկ Փաշինյանի հետ` ոչ

Ինչու է Բոլթոնն Ալիևի հետ քննարկում Արցախի հարցը, իսկ Փաշինյանի հետ` ոչ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, 168.am: Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հեռախոսազրույցներ ունեցավ տարածաշրջանային երկրների բոլոր ղեկավարների հետ: Այս օրերին Բոլթոնը զրուցեց թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սակայն հայկական կողմին հետաքրքրողն այստեղ Բոլթոնի` Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների բովանդակությունն է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ներկայացվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և խնդրին տրվող կարևորությունը երկկողմ օրակարգում:

Նախ՝ հունվարի 23-ին, երբ Դավոսում ընթանում էր ամենամյա համաշխարհային տնտեսական համաժողովը, որի կուլիսներում կայացավ Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական 1.5 ժամ տևողությամբ հանդիպումը, տեղի ունեցավ Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ ՀՀ վարչապետի, չի քննարկվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»:

Փաշինյանի գրառմանը հաջորդեցին Բոլթոնի՝ հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ թվիթերյան դիտարկումները, որում կրկին խոսք չկար ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին: «Երեկ ես զանգահարեցի ՀՀ վարչապետ Փաշինյանին և շնորհավորեցի վերանշանակվելու համար, ինչպես նաև ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և անկողմնակալ ընտրությունների կապակցությամբ։ ԱՄՆ-ը աջակցում է նրա ջանքերը՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճումը»,- գրել էր Բոլթոնը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ հեռախոսազրույցի ընթացքում Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Արցախի հիմնախնդիրն ու հակամարտության կարգավորման հեռանկարը: «Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության շուրջ»,- գրել է Թրամփի խորհրդականը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հետևյալ բովանդակությամբ հարց էր ուղղել. «Հարց վարչապետին և մեր երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներին՝ ինչո՞ւ է գրեթե միաժամանակ տեղի ունեցած Փաշինյան-Բոլթոն և Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցների բովանդակությունն այդքան տարբերվում։ Ինչո՞ւ Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույցում ևս չի շոշափվել անվտանգության ոլորտում համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին թեման և ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հավաստիացումը»:

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը փորձեց բացատրել, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահի խորհրդականն Ադրբեջանի նախագահի հետ քննարկում է ԼՂ հիմնախնդիրը, իսկ ՀՀ վարչապետի հետ` ոչ: Քաղաքագետն ասաց, որ պարզապես չի հավատում պնդմանը, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցը չի քննարկվել Փաշինյան-Բոլթոն հեռախոսազանգի ընթացքում:

Ըստ նրա՝ եթե այդ զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ապա նշանակում է, որ Ղարաբաղյան հարցը ևս քննարկվել է, քանի որ այս հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հարց է:

«Չեմ կարծում, որ քննարկվել է Վենեսուելայի Մադուրոյի հարցը»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ենոքյանը:

Նրա կարծիքով՝ ԼՂ հարցի շրջանցումը կողմերի կողմից նախնական պայմանավորվածության արդյունք կարող է լինել: Ա. Ենոքյանի խոսքով՝ նկատելի է, որ Փաշինյանը փորձում է Արցախյան դիսկուրսը «ցածր» պահել, շրջանցել Հայաստանում: Նրա դիտարկմամբ՝ սա ակնհայտ է, քանի որ որոշակի արհեստական խնդիրներ են ստեղծվում, հուզվում է ժողովուրդը, մամուլն է սկսում քննարկել այդ հարցերը, և ուշադրությունը շեղվում է այլ ուղղությամբ:

«Գուցե խնդրանք է եղել Բոլթոնին՝ հրապարակայնորեն չանդրադառնալ այս հարցին: Այն հանգամանքը, որ այդ խնդիրը գոյություն ունի, ամենաթեժն է, փաստ է:

Փաստ է նաև, որ Փաշինյանը չի ցանկանում, որպեսզի այն քննարկվի, ինչը խոսում է այն մասին, որ գաղտնի ինչ-որ բան է պատրաստվում: Իսկ դա արվում է, որպեսզի պայմանավորվածությունները չխախտվեն, կեղծ օրակարգեր ձևավորվեն, որի ներքո Ղարաբաղյան հարցը հնարավոր կլինի պլստացնել:

Դա նույնն է, երբ ասում է` Ալիևի հետ հանդիպեցինք, ԼՂ հարցը չքննարկեցինք, բայց այդ հանդիպմանը քննարկվելիք այլ օրակարգ չկա: Եթե քննարկել են, կեղծ օրակարգ է, ամենակարևոր հարցը դա է, ուրեմն՝ իզուր ես գնացել այնտեղ»,- ասաց Ա.Ենոքյանը: Նա նաև ընդգծեց. «Տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո, ընտրությունների շրջանում` դրանից անմիջապես առաջ և հետո, խիստ ինտենսիվացել են Ղարաբաղի շուրջ քննարկումները: Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան պատրաստվում է:

Այն ձեռքբերումները, որ եղել են մինչ այսօր` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում համաձայնություններ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևի պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը կարողացել էր ձեռք բերել քառօրյա պատերազմից հետո, ջրվում են: Գոնե համանախագահների հայտարարությունների մեջ կրկին չի շեշտվում այդ հանգամանքը»:

Աղասի Ենոքյանը ծանոթ է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դիտարկումներին, որ հայկական կողմը չի հրաժարվել Արցախի կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ ունեցած ավանդական մոտեցումներից: Սակայն, ըստ Ենոքյանի, Մնացականյանի խոսքն ավելի հավաստի կլիներ, եթե խոսեին համանախագահները, որոնք մինչև Փաշինյանի կառավարության ներգրավումը բանակցային գործընթացին՝ նշում էին այդ մասին:

«Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի շուրջ, որտեղ դրսից ետընթաց ենք նկատում այն սկզբունքից, որ Արցախի խաղաղության ամենամեծ երաշխավորը միջազգային կարգավիճակն է, բայց այսօր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևն է առաջ մղվում»,- նման կարծիք հայտնեց Ա. Ենոքյանը:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, այլ կարծիքի է: «168 Ժամի» հետ զրույցում նա նշեց, որ Բոլթոնի զանգը Փաշինյանին պայմանավորված էր Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակելու և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ շնորհավորելու անհրաժեշտությամբ: «Այսինքն՝ նպատակը շնորհավորելն էր:

Միգուցե անդրադարձել են մի քանի այլ հարցերի, բայց հիմնական նպատակը շնորհավորելն էր: Զանգը նախաձեռնել էր Բոլթոնը: Ադրբեջանի նախագահին ևս զանգահարել էր Բոլթոնը, բայց Ադրբեջանում որևէ ընտրություն տեղի չի ունեցել և իշխանության փոփոխություն չի եղել: Ուստի Բոլթոնն Ադրբեջանի նախագահին զանգահարել է՝ քննարկելու ընթացիկ քաղաքական հարցեր: Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ, եթե Բոլթոնն Արցախի հարցը չբարձրացներ, Ալիևը բարձրացնելու էր, քանի որ չի եղել մեկ դեպք, որ ադրբեջանական կողմն առիթից չօգտվի հարցը քննարկելու և հայկական կողմից բողոքելու համար: Այնպես որ՝ այնպես չէ, որ Բոլթոնը ցանկացել էր Արցախի հարցից խոսել, իսկ Հայաստանի վարչապետը հրաժարվել էր կամ չէր ցանկացել խոսել այդ խնդրի մասին, իսկ Ալիևը պնդել էր, թեման բացվել է, քննարկել են, Փաշինյանի զանգի դեպքում չեն բացել, չի քննարկվել»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ նման հեռախոսազրույցների ընթացքում սովորաբար քննարկվում են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Բայց Բոլթոնը ԵԱՀԿ ՄԽ համանախագահը չէ, դա իր պորտֆելը չէ, ՄԽ համանախագահը Պետքարտուղարության պաշտոնյա է, որը զբաղվում է բանակցային գործընթացով և մանրամասն տիրապետում է բանակցային գործընթացի բոլոր դետալներին: Եթե պորտֆելը գտնվում է Պետքարտուղարությունում, Բոլթոնը զանգահարելու էր՝ ողջուներ բանակցային գործընթացը, կամ առաջարկեր ավելի ինտենսիվ շփվել, բայց բանակցային դետալներին, վստահ եմ, Բոլթոնը չի տիրապետում, այդ մանրամասներին տիրապետում է Պետքարտուղարության ներկայացուցիչը` ի դեմս Էնդրյու Շեֆերի»,- ասաց Սարգսյանը:

Նա չի կիսում կարծիքը, որ Փաշինյան-Բոլթոն զրույցի ընթացքում գուցե քննարկված լինի հարցը, սակայն որոշում լինի չհանրայնացնել այն: «Եթե հատուկ անդրադարձ կար, որ չեն խոսել Ղարաբաղի մասին, ապա ես հակված եմ հավատալու, որ չի քննարկվել այդ հարցը: Տարածաշրջանային անվտանգության, խաղաղության մասին է խոսվել ընդհանուր կոնտեքստում, իսկ առանձին Արցախի հարցը չի քննարկվել»,- ասաց Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում