«Փաստ». Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ–ականների այցը Գերմանիա պատահականություն չէ

«Փաստ». Փաշինյանի այցի օրերին ՀՀԿ–ականների այցը Գերմանիա պատահականություն չէ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀԿ ներկայացուցիչների մի պատկառելի պատվիրակություն մեկնել է Գերմանիա: Հատկանշական է, որ այդ այցը զուգադիպել է վարչապետ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի հետ: Ըստ մեր աղբյուրների, դա պատահականություն չէ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ականները Գերմանիայում իրենց հանդիպումների ժամանակ ներկայացնում են հայաստանյան ներքաղաքական իրավիճակը: Մյուս կողմից, այցը կապված է առաջիկայում կուսակցության մեջ բարեփոխումներ կատարելու ու արդիականացման գործընթացի, այլ կերպ ասած՝ ռեբրենդինգի հետ: Ըստ որոշ տեղեկությունների, հանրապետականները ցանկանում են կիրառել կուսակցությունների գերմանական փորձը: ՀՀԿ-ականները, առիթից օգտվելով, հանդիպումների ժամանակ հընթացս խոսել են նաև ՀՀ շահերից բխող հարցերի մասին:

Մասնավորապես, քննարկումներ են ընթացել ՀՀ–ԵՄ համաձայնագրի՝ Բունդեսթագում վավերացման շուրջ. ըստ մեր տեղեկությունների, այն տեղի կունենա մինչև սույն թվականի սեպտեմբեր: ՀՀԿ- ականների բարձրացրած հաջորդ խնդիրը կապված է Գերմանիայի հետ վիզաների ազատականացման խնդրին: Ըստ մեր աղբյուրի, գերմանացի գործընկերներն ընդգծել են, որ այդ խնդրի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ առաջիկայում սպասվում են Եվրախորհրդարանի ընտրություններ, իսկ, ինչպես գիտենք, Եվրոպայում միգրացիոն հարցերը շատ սուր են դրված, իսկ նախընտրական շրջանում դրանք շահարկելը բավականին ռիսկային է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում