Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ

Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը եւ ապահովել տնտեսության զարգացումը:

Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ էներգետիկայի, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:

Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:

Նախագահ Սահակյանը կարեւոր ձեռքբերումներից է համարել նաեւ այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաեւ արտահանման հնարավորություն:

«Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձեւավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:

Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:

Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում