Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի թվային նախագծերի կառավարման հատուկ մարմին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ԵԱՏՀ-ի շրջանակներում ստեղծել Եվրասիական տնտեսական միության թվային տրանսֆորմացիային միտված ինտեգրացիոն նախագծերի կառավարման հատուկ կառույց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ալմաթիում, ելույթ ունենալով «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» համաժողովի լիագումար նստաշրջանում, Սարգսյանը հիշեցրել է, որ ներկայում հանձնաժողովի շրջանակներում գործում է կառավարությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված թվային գրասենյակը: «Բայց արդեն ակներեւ է, որ թվային գրասենյակը պետք է վերածվի այդ նախագծերի կառավարման ինքնուրույն մարմնի, որովհետեւ նախագծերի թվաքանակն արդեն հսկայական է, եւ դա արդեն գործունեության առանձին ոլորտ է»,– ասել է նա:

Ինչպես հավելել է Սարգսյանը, Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ «նման առանձին ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել նոր կառույցներ»: «Դա խոսում Է այն մասին, որ մեր ինտեգրացումը հինգ տարվա ընթացքում բավականին լրջորեն առաջ է գնացել, եւ մենք դրա խորացման նոր փուլում ենք, երբ անհրաժեշտ են համատեղ նախագծերի իրացման նոր կառույցներ: Ակներեւ Է, որ հանձնաժողովն արդեն գլուխ չի հանում նման հսկայական քանակությամբ նախաձեռնություններից ու նախագծերից, եւ անհրաժեշտ է հատուկ մարմին, որը կկառավարի դրանք»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Սարգսյանը նշել է, որ «թվային տրանսֆորմացիան միության երկրների՝ տարեկան մինչեւ 1 տոկոս տնտեսական աճի լուրջ ներուժ է պարունակում, եթե երկրները համատեղ շարժվեն առաջ»: «Բայց վտանգավոր կլինի, եթե երկրները փորձեն շարժվել բաժան-բաժան, քանի որ դա խոչընդոտներ ու արգելքներ կստեղծի մեր ընդհանուր շուկաների համար, եւ դա ուժգնորեն կհարվածի բիզնեսին»,-հավելել է նա:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը հորդորել է ԵԱՏՄ-ի երկրներին՝ օրենսդրության ներդաշնակեցում իրականացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում, ստեղծել ընդհանուր թվային չափորոշիչներ: Խոսելով այն մասին, որ ԵԱՏՄ-ի ազգային կառավարություններն իրականացնում են թվային տրանսֆորմացիայի իրենց ծրագրերը, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ Է համարել այն, որ «ուժեղացվի ԵԱՀՏ-ի դերը ազգային կառավարությունների մոտեցումների ներդաշնակեցման եւ գործողությունների սինքրոնացման տեսանկյունից, ինչը թույլ կտա խուսափելու նոր խոչընդոտների առաջացումից ընդհանուր շուկայում»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում