Ադրբեջանն ուզում է բանակցությունների տապալումը բարդել հայկական կողմի վրա. Քաղաքագետ

Ադրբեջանն ուզում է բանակցությունների տապալումը բարդել հայկական կողմի վրա. Քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ակնհայտ է, որ բանակցային գործըթաց չկա. Հայաստանի նոր իշխանությունները դեռևս որևէ քայլ չեն արել, որ բանակցությունները վերսկսվեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ իրենց տպավորությամբ՝ հայկական կողմը հրաժարվում է բանակցային գործընթացից։

«Կան երկրների ղեկավարների կամ արտգործնախարարհների մակարդակով հանդիպումներ, բայց այդ հանդիպումներին հետևող մեկնաբանությունները փաստում են, որ դրանք դեռ բանակցություններ չեն, այլ ընդամենը միմյանց ծանոթանալու գործընթաց։ Նման մոտեցումներով հնարավորություն է ընձեռնվում Ադրբեջանին՝ ասելու, որ հայկական կողմն է խուսափում բանակցություններից։ Իրականում Ադրբեջանն ուզում է բանակցությունների տապալումը բարդել հայկական կողմի վրա», – ասաց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Ադրբեջանն ինքն է ամեն ինչ անում, որ բանակցություններ չլինեն, և դրա ամենացայտուն վկայությունը ապրիլյան պատերազմն էր։

«Նրանք փորձում են օգտվել մեր իշխանությունների անփորձությունից՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա, և այդ է պատճառը, որ Երևանից հնչող յուրաքանչյուր հայտարարություն մեկնաբանում են որպես խուսափելու փորձ, բանակցություններից հրաժարվելու ցանկություն։ Կարծում եմ՝ հարցն ավելի խորքային է. հայկական կողմն իր անփորձությունով չի կարողանում պարտադրել Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», – ընդգծեց քաղաքագետը։

Նրա համոզմամբ, այդ երկիրը չի պատրաստվում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հակառակը՝ փորձում է ժամանակ շահել և ակտիվորեն նոր պատերազմի է նախապատրաստվում։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ եթե պատերազմ սկսվի, դրա պատասխանատվությունը ընկնի հակառակորդի՝ հայկական կողմի վրա։ Կարծում եմ՝ նրանք շատ հաջող են այս քաղաքականությունն իրականացնում։ Մեր իշխանությունները հավատում են վերելակային պայմանավորվածություններին, կարծես թե, մեծ վստահությամբ են մոտենում վերելակում Ալիևի ասած խոսքերին՝ չնկատելով, որ «լարվածության թուլացումն» Ադրբեջանն այսօր օգտագործում է առաջնագծում իր դիրքերը բարելվելու և հարձակվողական տեխնիկա կուտակելու համար», – ամփոփեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում