ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Արարատ Միրզոյանը, կարեւորելով հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, նշել է, որ նորընտիր Ազգային ժողովը հանձնառու է դրանց առավել խորացման հարցում:

Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման առումով Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցության շարունակականությունը:

Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ, արդյունավետ աշխատանք է մաղթել: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության եւ փոխվստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին՝ համաձայնելով, որ քաղաքական ու տնտեսական գործակցությանը զուգահեռ կարեւոր է նաեւ միջտարածաշրջանային եւ հումանիտար ոլորտներում կապերի ընդլայնումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում