«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱՀ ԱԺ-ում քննարկել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱՀ ԱԺ-ում քննարկել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 1-ին հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու և զարգացնելու պատրաստակամությունը:

Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու հայկական օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կընդլայնվեն խորհրդարանական դիվանագիտության շրջանակներն՝ ի շահ միասնական օրակարգում տեղ գտած հարցերի լուծման:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշել է, որ այցի նպատակն է նորընտիր պատգամավորներին ծանոթացնել Արցախի գործընկերների հետ և հստակեցնել առաջիկայում համազգային խնդիրների լուծման ուղղությամբ անելիքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ պատգամավորների կողմից միջազգային հարթակներում Արցախի խնդիրը համակողմանի ներկայացնելու և չճանաչվածության պայմաններում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը ապահովելու հարցը:

Այնուհետև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում ԲՀ խմբակցության պատգամավորների և Արցախի օրենսդիրների մասնակցությամբ:

Արցախի խորհրդարանականների անունից ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավորներին, համոզմունք է հայտնել, որ խմբակցությունն ակտիվ գործունեությամբ շարունակելու է իր նպաստը բերել երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Խոսելով այցի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է համահայկական նշանակության հարցերը գործնական դաշտ տեղափոխելու և Արցախի միջազգային ճանաչման հարցում իր ղեկավարած խմբակցության հետևողական ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում