Վլադիմիր Կարապետյանի ցավալի բացահայտումները

Վլադիմիր Կարապետյանի ցավալի բացահայտումները

ԵՐԵՎԱՆ, 03 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԹերթ.ամ-ի թղթակիցը հարց է տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադմիր Կարապետյանին. «Կարելի՞ է ասել, որ Հայաստանը, ըստ էության, սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին՝ արդյոք իրենք պատրաստ են խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը, թե ոչ»։

Պատասխանը առնվազն զարմացնում է.

«Ես դժվարանում եմ ասել… Ընդգծեցի, որ փաստորեն ամենախորքային շփումները արտգործնախարարի մակարդակով են տեղի ունենում… Կարծում եմ արտգործնախարարը այդ հարցերին կանդրադառնա»։ Հետո էլ իր տպավորություններով է կիսվում՝ ասելով, որ. «այսօր դեռևս այն վիճակում չենք,որ առարկայական քննարկումներ տեղի ունենան բարձր մակարդակում։ Այսինքն չկան պարամետրներ, չկան մոտեցումներ»։ Իսկ մինչ այդ խոսում էր Փաշինյանի այն «խիզախության» մասին, որը նկատել էր անգամ Անգելա Մերկելը։ Հիշեցնեմ, խիզախություն ասելով նրանք բոլորը հասկանում են այն փաստը, որ Հայաստանի վարչապետը ղարաբաղյան խնդրի այնպիսի հանգուցալուծում է ցանկանում, որը կբավարարի «Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին»։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնում Վլադիմիր Կարապետյանի առաջին ծավալուն հարցազրույցը միանգամից մի քանի լուրջ խնդիր բացահայտեց։ Նախ այն, որ մարդը չգիտի ի՞նչ է սպասում երկրի վարչապետը հակառակորդից։ Սա, իհարկե, Կարապետյանի մեղքը չէ։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի, որովհետև մինչ օրս Փաշինյանը դրա մասին երկու փոխկապակցված բառ չի ասել։ Նա միայն պնդում է, որ Արցախի փոխարեն չի բանակցելու։ Ուրիշ ոչինչ։

Երկրորդը, պարոն խոսնակի հարցազրույցից հստակ երևաց, որ իրեն որևէ տեղեկություն չի տրամադրվել ղարաբաղյան հարցի հետ կապված վարչապետ Փաշինյանի նախորդ բոլոր հանդիպումներից։ Կարապետյանը անգամ չկարողացավ վերարտադրել բոլոր այն մտքերը հայտարարությունները, որոնք ժամանակին հնչել են վարչապետի շուրթերից։ Փոխարենը փորձեց օգնության կանչել փորձագետի իր կարողությունները և պաշտոնական դիրքորոշում հայտնելու փոխարեն, սկսեց վերլուծել իրավիճակն այնպես, որ ակամայից դավաճանեց ինքն իրեն՝ ի ցույց դնելով այն հանգամանքը, որ մինչ նշանակվելն այդքան էլ ուշադիր չի հետևել Փաշինյանի գործունեությանը։

Եվ երրորդ՝ ամենակարևորը։ Վարչապետի մամուլի խոսնակը խոստովանում է, որ իրենք այդքան էլ տեղյակ չեն, թե ինչ են խոսում արտգործնախարարները։ Ասում է՝ Մնացականյանը թող պատասխանի այդ հարցերին։ Մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե լացի։

Լավ, բա այս մարդկանց ո՞նց բացատրենք, որ պետություն են ղեկավարում։ Ի՞նչ մտքեր կան։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում