Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն

Հայաստանը մշակում է 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ներկայացվել են բանկի 2019թ. ռազմավարության առաջնահերթությունները: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնց իրականացումը կնպաստի տնտեսության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրին և կատարվելիք ներդրումներին, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող ծրագրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ հաջող համագործակցությանը: Մատեո Փեթրոնին նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում։

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը նշել է, որ մշակվում է Հայաստանի Հանրապետության 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն, որում տեղ կգտնեն համակարգային զարգացման բոլոր ուղղությունները, և այս առումով համագործակցության նոր փուլ սկսելու հնարավորություն կստեղծվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում