Կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի. վարչապետ

Կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նպատակն է ապաքաղաքականացնել բուհերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերը մեղադրում են, թե բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, և օրենքով չնախատեսված միջամտություններից մենք մեզ դուրս ենք դնում: Բուհերի ինքնակառավարման ճանապարհին մեծ գործ ունենք անելու, այդտեղ մենք նաև դասախոսական կազմին, ուսանողներին կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ պետք է հղենք»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ խնդիրը լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելն է:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ բարձրագույն կրթության մեջ գիտական, հետազոտական աշխատանքը պետք է մեծ ներդրում ունենա: «Եկանք այն եզրակացության, որ մի շարք պետական գործառույթներ կարող ենք արտապատվիրակել, օրինակ, ագրարային համալսարանին, որպեսզի մասնագիտական կարողությունները ներառվեն կարևոր գործերի մեջ, նաև ուսանողները հետազոտական աշխատանքի հետ առնչվելու հնարավորություն ունենան: Այս առումով մեծ հույսեր ենք կապում բուհերի հետ, այնպես որ ուրախ եմ, որ այդ առումով աշխատանքն ընթանում է»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում