2018-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևավճարները կազմել են ավելի քան 295 միլիոն դրամ

2018-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևավճարները կազմել են ավելի քան 295 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի շուրջ 900 աշխատակիցների պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 295 միլիոն 336 հազար 47 դրամ, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Հարցին՝ աշխատակիցներից ո՞վ է ստացել ամենամեծ չափով պարգևավճարը և որքա՞ն է այն կազմել, նշվել է, որ ամենաբարձր պարգևավճարները ստացել են Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների անշարժ գույքի ռեգիստրները` ամսական միջին դրույքաչափի 90 տոկոսի չափով։

Բարձր պարգևավճարներ է ստացել նաև տեխնիկական սպասարկող անձնակազմը (հավաքարար, բանվոր, վարորդ)՝ ամսական միջին դրույքաչափի 89 տոկոսի չափով։

Կոմիտեի ղեկավարի տեղակալները պարգևատրվել են ամսական միջին դրույքաչափի շուրջ 73,9 տոկոսի չափով։

Կոմիտեի ղեկավարի պարգևատրումը կազմել է ամսական միջին դրույքաչափի շուրջ 34 տոկոսը։

Հաշվի առնելով Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որ հասարակության լայն շերտերի վերաբերմունքից հետո ինքն ապագայում հետևություններ կանի, նաև հետաքրքրվել էինք՝ հետևությունները միայն իրե՞ն, թե ամբողջ անձնակազմին տրվելիք պարգևավճարներին կվերաբերեն։

Ի պատասխան՝ պաշտոնյան նշել է, որ գրառման մեջ հետևությունների մասին ասվածը միայն իրեն է վերաբերելու, քանի որ ամբողջ աշխատակազմին տրվելիք պարգևավճարների մասին հետևությունները վաղուց է արել։

«Ինչպես գրել էի իմ գրառման մեջ, եթե մենք ուզում ենք ունենալ արհեստավարժ ու չկոռումպացված համակարգ, ապա պետք է ամեն ինչ անենք, որ պետական համակարգում աշխատելը լինի ցանկալի և պատվաբեր», – նշել է պաշտոնյան։

Ս.Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ 2019 թվականի հունվարից կիրառման նպատակով 2018 թվականի հոկտեմբեր ամսին Կոմիտեում մշակել են աշխատակիցների խրախուսման նոր կարգ, որի մանրամասները դեռ քննարկվում են։

«Այն ենթադրում է ոչ թե համահարթեցում, այլ արդար բաշխում՝ խրախուսում ըստ աշխատանքի որակի։ Կարգը շուտով կտեղադրվի մեր պաշտոնական կայքէջում և սոցիալական հարթակներում։ Իսկ մինչ նոր կարգի կիրառումը՝ Կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց ի վեր՝ իմ հրամանով «անցումային կարգ» է գործել, և խնայողությունների ու հավելյալ մուտքերի շնորհիվ յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 25-90 տոկոսի չափով ֆինանսական խրախուսում են ստացել կոմիտեի բոլոր՝ շուրջ 900 աշխատակիցներ, եթե այդ ամիս չեն ունեցել նկատողություն կամ արձակուրդում չեն եղել», – նշված է Սարհատ Պետրոսյանի գրավոր պատասխանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում