Հայաստանը կընդլայնի փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ

Հայաստանը կընդլայնի փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատելու է Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում:

Նախագծի համաձայն՝ կառավարությունն ակտիվորեն գործելու է Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմոլորտ լայն համագործակցություն ծավալելու և ընդլայնելու, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ:

Հայաստանը նախատեսում է ընդլայնել փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ, զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:

Բազմակողմ հարթակներում կարևորվում է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի շահերի պաշտպանությունը՝ ներառյալ անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում:

Կարևորվում է նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում