ԱԺ ընտրությունների՝ մայիսին լինելու դեպքում Փաշինյանի թիմը հազիվ 40% կհավաքեր. Նարեկ Սամսոնյան

ԱԺ ընտրությունների՝ մայիսին լինելու դեպքում Փաշինյանի թիմը հազիվ 40% կհավաքեր. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Politik.am:  Հետհեղափոխական էյֆորիան ամբողջությամբ չի անցել ժողովրդի մոտ, (չակերտավոր՝ հեղափոխական էյֆորիա), բայց բավականին զգալիորեն ու տեսանելիորեն զիջում է իր դիրքերը,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության (հկ) նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:«Մարդկանց զգալի մասը հասկանում է, որ նրանք ոչ թե ինչ-որ չարիքից «պրծել» են, այլ պարզապես անվանափոխություն է տեղի ունեցել իշխանության ներսում: Տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր թանկարժեք խանութներից հագել է այնպիսի հագուստներ, որոնք, նույնիսկ շատ ուզելու դեպքում, իր այսօրվա աշխատավարձով չի կարող հագնել: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, հատկապես, թիմի «աստղերը» ամեն ինչ անում են, որ էյֆորիայաի անցումը ավելի արագ տեղի ունենա»,-ասում է Սամսոնյանը:

Ըստ քաղաքագետի՝ մինչև մայիս, շատ հնարավոր է, որ այս էյֆորիան լիովին կանցնի: Սամսոնյանի կարծիքով՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ի փոխարեն տեղի ունենային մայիսին, ինչպես ծրագրված էր նախապես, Փաշինյանն ու իր թիմը միանշանակ չէին գրանցի այս արդյունքը.«Հենց դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը այսքան շտապեց, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, նաև իր գործընկերները, որ ողջունում էին այդ քայլերը: ԱԺ ընտրությունների՝ մայիսին կայանալու դեպքում Փաշինյանի թիմը հազիվ 40% կհավաքեր»:

Նարեկ Սամսոնյանն ասում է, որ այս քայլերը տանելու են Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծման ճանապարհով.«Դա արդեն ակնհայտորեն մենք տեսնում ենք. Ղարաբաղի հարցում պետության մարտավարություն, գաղտնի հանդիպումներ, նաև՝ Ղարաբաղի գեներալների և մարտական մյուս գեներալների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի բացասական վերաբերմունք»:

Խոսելով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցի, և հաջորդած Բոլթոն-Ալիև զրույցի մասին, երբ Փաշինյանը հայտարարեց, թե Բոլթոնի հետ Արցախի հարցի քննարկում չի եղել, իսկ Բոլթոնը հայտարարեց, թե Արցախի հարցով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Սամսոնյանն ասում է.«Ես այստեղ եկել եմ մի եզրակացության. այսպես է ստացվում՝ կամ Նիկոլ Փաշինյանը խաբում է, որ Բոլթոնն իր հետ չի խոսել Ղարաբաղի հարցով, կամ Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանը Բոլթոնի համար շահառու չէ, և միայն Ալիևն է շահառու, դրա համար հենց նրա հետ է զրուցել: Սա շատ լուրջ հարց է: Եթե Բոլթոնը Նիկոլ Փաշինյանի հետ իրոք չի խոսել, բայց մի օր հետո Ալիևի հետ խոսել է (նաև՝ տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարների), ուրեմն՝ դա շատ-շատ վատ է ու վտանգավոր, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը պարզապես պայմանավորվել է Բոլթոնի հետ, որ պետք է ասի, որ Արցախից չեն խոսել, դա հարցի մյուս կողմն է, որն ավելի վատ է, քան առաջինը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում