Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը

Գերագույն ռադան Սահմանադրության մեջ ամրագրեց ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկությամբ վերջնականապես հաստատել է փոփոխությունները երկրի Սահմանադրության մեջ, որոնցով ամրագրվում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամագրվելու Ուկրաինայի քաղաքականությունը. այս որոշումը փետրվարի 7-ի նիստում պաշտպանել է 334 խորհրդարանական՝ անհրաժեշտ առնվազն 300 ձայնի դեպքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Օրենքում նաեւ առաջարկվում է Սահմանադրության անցումային դրույթներից բացառել այն նորման, որն իրավական հիմքեր էր տալիս Ղրիմում ՌԴ Սեւծովյան նավատորմի բազավորման համար:

Պորոշենկոն ավելի վաղ Ռադային առաջարկել Էր փոփոխություններ մտցնել Սահմանադրության ներածականի, մի շարք հոդվածների եւ անցումային դրույթների մեջ, որոնք «ամրագրում են Ուկրաինայի ընտրությունը եւ նրա՝ որպես եվրոպական ընտանիքի անդամի տեղը», ինչպես նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն միտված քաղաքականությունը: Քաղաքականության մեջ այս ուղեգծին պետք է հետեւեն նախագահը, նախարարների կաբինետը եւ Ռադան:

Խորհրդարանն այս փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունել էր 2018 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում