Թուրքիայի կողմից բացարձակ ցանկություն չկա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. թուրքագետ

Թուրքիայի կողմից բացարձակ ցանկություն չկա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Թուրքիայի կողմից բացարձակ ցանկություն չկա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Բացի այդ, հարևան երկրում չկա այնպիսի քաղաքական ուժ, որը պատրաստ կլինի Հայաստանի հետ ոչ թե կարգավորել, այլ նույնիսկ քննարկել հարաբերությունների կարգավորման խնդիրը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության ներկայացրած ծրագրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող կետ չկա։

Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միակ ջատագովը քրդամետ կուսակցություններն են։

«Այնպես որ, ոչ հարաբերություն կա, ոչ էլ թուրքական կողմից ցանկություն՝ այդ հարցը քննարկելու»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ հայ-թուրքական հարաբերությունները մեծ կարևորություն ունեն, անկախ նրանից՝ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունի՞, թե՞ ոչ։

«Թուրքիան ուղղակի և անուղղակի կերպով Հայաստանի համար ոչ բարեկամական երկիր է, նրա կողմից կարող են տարատեսակ սպառնալիքներ լինել։ Ուստի Թուրքիայի և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ պետք է պետական պատշաճ մոտեցում դրսևորվի։ Եվ ընդհանրապես, Մերձավորարևելյան երկրների հետ կապված՝ Հայաստանի հարաբերությունները պետք է լինեն ավելի լուրջ դիտանկյան տակ։ Ինչքան էլ որ մենք ձգտենք յուրացնել համաեվրոպական և համաշխարհային արժեքները, այնուամենայնիվ, աշխարհագրորերն գտնվում ենք Արևելքում, մեզ շրջապատում են արևելյան երկրներ, և կարծում եմ՝ Մերձավորաևելյան զարգացումները մեզ համար պետք է առանձնահատուկ նշանակություն ունենան»,– ասաց թուրքագետը։

Հարցին՝ արդյոք Հայաստանը պե՞տք է այդքան շահագրգիռ լինի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, երբ ինքը՝ Թուրքիան, այս հարցում հետաքրքրություն չի ցուցաբերում, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց հայտնի կարգախոսով՝ «եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվում»։

«Եթե այս կարգախոսը մի փոքր փոխենք, կստացվի, որ եթե Թուրքիան հետաքրքրություն չի դրսևորում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, չի նշանակում, որ որևէ հետաքրքրություն չի դրսևորում Հայաստանի նկատմամբ։ Մենք Թուրքիայի համար, թեկուզ ոչ հրապարակային հայտարարությունների մակարդակով, այնումանայնիվ, որոշակի հետաքրքրություն ենք ներկայացնում։ Մենք Թուրքիայի հետ ունենք տարատեսակ խնդիրներ, և այդ խնդիրները պետք է լինեն պետական ուշադրության ներքո»,- ասաց թուրքագետն՝ ավելացնելով, որ Թուրքիան ունի սպառնալիք ներկայացնող երկրի կարգավիճակ, ուստի պետք է մշտապես լինի Հայաստանի ուշադրության կենտրոնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում