Ինչու՞ է Բաքուն ընտրանքային վերաբերմունք ցուցաբերում իր քաղաքացիների հանդեպ

Ինչու՞ է Բաքուն ընտրանքային վերաբերմունք ցուցաբերում իր քաղաքացիների հանդեպ

Ինչպես հայտնի է, փետրվարի 2-ին երկամյա ազատազրկության ավարտի կապացությամբ ազատ է արձակվել մեր երկրի սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական բանակի զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն։ Արցախյան կողմի այս քայլը, սակայն, հարևան Ադրբեջանում անհամաչափ արձագանք գտավ։ Բաքուն Հուսեյնզադեին անմիջապես միջազգային հետախուզում հայտարարեց՝ վկայակոչելով դեռևս 2017 թվականի փետրվարի 2-ին նրա նկատմամբ իր հարուցած քրեական գործը։ Հիշեցնենք, որ համաձայն այդ հոդվածի՝ Հուսեյնզադեն մեղադրվում է պետական դավաճանության մեջ։

Ինչու՞ է Բաքուն ընտրանքային վերաբերմունք ցուցաբերում իր քաղաքացիների հանդեպ։ Դիլհամ Ասկերովին ազատ արձակելու համար գիշեր-ցերեկ պայքարող երկիրը անթաքույց արհամարանքով է վերաբերում իր մեկ այլ քաղաքացու՝ զինծառայող Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեի ճակատագրին։ Գուցե նրա համար, որ վերջինս Բաքվի համար խրախուսելի քայլեր չի կատարել՝ հայ չի սպանել, կամ էլ գոնե մեկ այլ ծանր հանցագործություն, որի համար նրան հնարավոր լիներ ազգային հերոսի կոչում տալ։ Եվ ինչու՞ է արցախյան քրեակատարողական հիմնարկում երկու տարի անցկացնելուց հետո ադրբեջանցին հանկարծակի հրաժարվում հայրենիք վերադառնալ։

«Չեմ ուզում Ադրբեջան գնալ, չեմ ուզում Ադրբեջանում ապրել, շատ բաների համար։ Ես ուզում եմ, որ ինձ կամ երրորդ պետություն ուղարկեն, կամ էլ, եթե թողեն այստեղ մնամ, այստեղ էլ կապրեմ։ Ցանկացած պետություն, որն ինձ ընուդնի, կգնամ, բացի Ադրբեջանից։ Ճշմարտությունն ասելու համար Ադրբեջանում կարող են ինձ սպանել, իրենք միշտ այդպես են անում։ Կարող են նաև չսպանել, բայց ես այլևս չեմ կարողանալու այնտեղ ապրել»։

Արցախում Էլնուր Հուսեյնզադեն մեղադրվել էր քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածով, դատապարտվել երկու տարվա ազատազրկման։ Ի՞նչ վերաբերմունքի է արժանացել նա ազատազրկման վայրում։ Արդյոք, նրան այցելե՞լ են բժիշկներ, Կարմիր խաչի ներակայցուցիչներ։ «Բացի մարդկային, մարդասիրական վերաբերմունքից, ուրիշ ոչինչ չեմ տեսել»,- ասում է ադրբեջանցի Հուսեյնզադեն, ով դժվարանում էր հավատալ, թե արդեն ազատության մեջ է։

«Իմ հանդեպ շատ լավ են վերաբերվել, մարդասիրաբար։ Ես շատ գոհ եմ։ Զուտ մարդկային տեսակետից շատ են օգնել, միայն լավն եմ տեսել։ Կարմիր խաչից էին մշտապես գալիս իրենց բժիշկների հետ, հետո առանձին ստուգող բժիշկներ էին այցելում ինձ։ Միշտ հետաքրքրվում էին, թե ոնց եմ, ի՞նչ եմ ուտում։ Շատ գոհ եմ»։

Այս ընթացքում Հուսեյնզադեին հնարավորություն էր տրվել նամակ-խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

«Ես դիմել եմ Արցախի նախագահին, որ ինձ ազատություն պարգևի։ Գրել եմ իմ խնդիրների մասին, գրել եմ, որ ես պատիժ եմ կրում որպես գերի զինծառայող, բայց ես մարդ չեմ սպանել։ Շատ շնորհակալություն Արցախի նախագահին, որ ինձ հիմա բաց են թողում ազատություն»։

Թե ինչու՞ էր Էլնուր Հուսեյնզադեն այդքան զարմացած իր ազատ արձակմամբ՝ դժվար չէ կռահել։ Չէ՞ որ իր երկրում միայն հայ լիենելը բավական է շինծու քրեական գործերով տարիներ շարունակ բանտերում տառապելու համար։ Եվ կամ ո՞ր մի հայ գերին է այսպես ողջ ու առողջ դուրս եկել ադրբեջանական բանտից։

Թվում է, թե ի պատասխան այս մարդասիրական քայլի, ադրբեջանական կողմը պետք է համարժեք վերաբերմունք ցույց տար՝ իր հերթին ազատ արձակելով ներկայումս Ադրբեջանում արգելափակված երեք հայ քաղաքացիներից գոնե մեկին։ Բայց ոչ։ Պարզվում է, Բաքվի ախորժակն ավելի է բացվել։ Այո, պարզվում է, կցանկանային, որ հայկական կողմն ազատ արձակեր մարդասպաններ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, բնականաբար, նրանց նույնպես Ռամիլ Սաֆարովի նման հերոսացնելու, հայասպանությունը որպես պետական քաղաքականություն, ևս մեկ անգամ վերահաստատելու համար։

Յուլիա ՎԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում