ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի ԵՄ հարցերով հանձնաժողովի և հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահների հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի ԵՄ հարցերով հանձնաժողովի և հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 7-ին հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես երկու երկրների միջև փոխգործակցության առավել ամրապնդման հարթակի և վերահաստատեց հայկական կողմի՝ այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Էստոնիայի խորհրդարանի Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով, որ կառավարության գերակա առաջնահերթություն է ազգային զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյունն է բարձր տեխնոլոգիաների և նորարար մոտեցումների վրա հիմնված տնտեսությունը: Այդ առումով նախարարը բարձր գնահատեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ ավելի վաղ տեղի ունեցած մտքերի փոխանակումը, ինչպես նաև տվյալ ոլորտում երկու երկրների մասնագետների միջև շփումների ակտիվացումը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը` Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը` նշելով, որ այն ոչ միայն հանդիսանում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հենքը, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար՝ խրախուսելու ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումները։

Նույն օրը տեղի ունեցավ նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հայ-էստոնական խորհրդարանական խմբի նախագահ Հաննես Հանսոյի հետ:

Զրուցակիցներն համակարծիք էին, որ դարերի պատմություն ունեցող և ընդհանուր արժեքների վրա հիմնած հայ-էստոնական գործընկերային հարաբերություններն ունեն առավել զարգացման և ընդլայնման ներուժ՝ հանձնառություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև ստեղծագործ կրթության օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Սմարթ» կրթական կենտրոնի, Dasaran.am կրթական հարթակի՝ կարևորելով երկու երկրների առկա դրական փորձի և հիմքի վրա համագործակցություն ծավալելու հնարավորությունը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում